Հոդվածներ

Առակի նշանակությունը Ս. Գրքում

Ինչպես հինկտակարանյան մարգարեները, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս և ապա Նրա առաքյալները Աստծո Խոսքը մարդկանց փոխանցելու համար հաճախ գործածել են առակները, պատկերավոր դարձվածքներն ու համեմատությունները։ Պարզ ժողովրդի նկատմամբ խնամքի արտահայտություն էր դա, աստվածային անպարագիր Ճշմարտությունները մարդկային տկար մտքին մատուցելի և ըմբռնելի դարձնելու միջոց։

Միաժամանակ, առակներով ծածկված, այդ Ճշմարտությունները անմերկանալի, անկողոպտելի էին մնում հոգևոր մաքրությունից զուրկ մարդկանց, եթե անգամ նրանք հարուստ էին աշխարհային իմաստությամբ ու փորձով.

Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին` առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան» (Ղուկասի 8:10) :

«Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գա  ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ հայտնապես Հոր մասին պիտի պատմեմ ձեզ» (Հովհաննես 16.25)։

Տերը շարունակ պարզ ու հոգածու խոսքի օրինակներ է մեզ տալիս: Առակն ու փոխաբերությունը Նա երբեք չի գործածում երկիմաստությամբ, այլ նրանցով ուղիղ ու պարզորոշ ցուցանում է այն, ինչ բարի է և ճշմարիտ:

Սուրբ Գիրքը մեզ չի ուսուցանում թաքնվել այլաբանության, անորոշ ակնարկի ետևում’ խորամանկորեն «ապահովելով»  մեր անձը պատասխան տալու անհրաժեշտությունից: Աչքի պես ջինջ ու մաքուր խոսք. սա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը, և նրանում հանդիպող մեկը մյուսից գեղեցիկ հարյուրավոր առակներն ու առօրյա կյանքից բերված պատկերավոր օրինակները հստակորեն ցույց են տալիս Աստծո անսահման Սերն ու Խնամքը յուրաքանչյուրիս հանդեպ։

Նշան Աբասյան

Place for supporters
& advertisement