Հոդվածներ

Դերջանի Ապարանից վանքի խաչքարերի նմանօրինակներն ի Սուրբ Էջմիածին

Հայոց բազմադարյան մշակույթի մեջ մի առանձին ճյուղ է կազմում խաչքարային արվեստը:

Վաղ միջնադարից պատմական Հայաստանի ողջ տարածքում կանգնեցվեցին փայտակերտ, ապա` քարակերտ խաչեր ի նշանավորումն ազգային-եկեղեցական տարբեր իրադարձությունների, այլև` որպես անբարբառ բարեխոսներ առ Բարձրյալն Աստված:
9-րդ դարից ի վեր մի նոր զարգացում ապրեց խաչքարային արվեստը. խաչի պատկերը փորագրվեց քարե սալի վրա` զարդարվելով բուսական ու երկրաչափական բազմապիսի մոտիվներով: Ստեղծվեցին բազմաթիվ աննման խաչքարեր, որոնց մեջ, սակայն, մնացին եզակի երկու խաչքար` կերտված Դերջանի Ապարանից Սբ Դավթի վանքում 12-13-րդ դարերում` Տեր Սահակի և Հովհաննես կրոնավորի տեսլիքով:
Հայոց Ցեղասպանության աշխարհավեր օրերին և հետագա տարիներին Արևմտյան Հայաստանում հազարավոր պատմամշակութային հուշարձաններ ոչնչացվեցին ու խոնարհվեցին: Աստվածային նախախնամությամբ Դերջանի Ապարանից վանքի երկնասլաց խաչքարերն անտես մնացին եղեռնագործներից. մնացին կանգուն և գրեթե անխաթար հասան երրորդ հազարամյակ:
Օրհնությամբ և նախաձեռնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի և ազնիվ բարերարությամբ բարեպաշտ ամոլի` Տեր և Տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների, աստվածակառույց Սուրբ Էջմիածնի հովանու ներքո կանգնեցվել են Ապարանից վանքի խաչքարերի նմանօրինակները` վասն հիշատակի Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խաչքարերի հավաքածուն, շնորհիվ այս բարեխնամ տնօրինության, համալրվում է իրենց տեսակի մեջ բացառիկ նմուշներով, որոնք հայ ուխտավորին և օտարազգի այցելուին պիտի պատմեն հայոց անցյալ փառքի, ցեղասպանության ներկա վերածննդի և գալիք ծաղկունքի մասին:

Place for supporters
& advertisement