Հոդվածներ

Երեխային չի՞ կարելի ասել՝ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնում տեղի ունեցավ մանկական քրիստոնեական դաստիարակության հերթական դասընթաց-հանդիպումը: Այս անգամ քննարկվում էր, թե ինչ ուժ ունի ծնողի խոսքը, ինչ ազդեցություն ու կարևորություն ունի լավատես, ուժեղ ու ինքնավստահ, առավել կայուն, ինքնուրույն սերնդի դաստիարակման հարցում: Բանախոսներն էին Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․, «Մեդիամաքս մեդիա» ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը տիկնոջ՝ Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի հետ, «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Հանդիպումը սկսվեց երեխաների ակտիվ մասնակցությամբ: Նախ ծանոթանալով բոլոր երեխաների հետ՝ հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ մի պատմություն պատմեց լույսի մասին, որի վերջում երեխաները քննարկեցին և հայտնեցին իրենց տեսակետները:

Խոսելով լավատեսական դիրքորոշումներով երեխաներ դաստիարակելու մասին, հոգեբանն ասաց, որ, երբ երեխան վազում է, և ասում ենք՝ մի վազիր, կընկնես, կամ՝ մի բղավիր, այդ արտահայտություններով երեխայի մեջ ձևավորում ենք այն պատկերացումը, թե աշխարհը վտանգավոր է և պետք է պաշտպանվել, իսկ, որպես կանոն, որքան երեխան սկսում է պաշտպանվել, այդքան սկսում է խաթարվել նրա հուզական վիճակը, հարաբերությունները սկսում են քայքայվել և ընդհանրապես, աշխարհայացքը սկսում է նեղանալ, արհեստականորեն վախեր են ձևավորվում:
«Սովորաբար երբ ասում ենք՝ մի վազիր, հնարավորություն ենք տալիս, որ երեխան կենտրոնանա այն գործողության վրա, որն անում է: Լավ կլինի, որ ավելի դրական ձևակերպումներ տանք և ասենք՝ հիմա քայլում ենք հանգիստ, հիմա խոսում ենք ցածրաձայն, այսինքն՝ ոչ թե երեխային ժխտողական նախադասություն ասենք, այլ վարքը փոխելու կոնկրետ հրահանգ տանք: Այս ամենով ոչ միայն կանխում ենք երեխայի վարքը, որպեսզի նա չվազի կամ չբղավի, այլ ասում ենք, թե կոնկրետ ինչպես նա դրսևորի իրեն, օրինակ՝ վազելու փոխարեն՝ հանգիստ քայլի: Երբ փոխում ենք բառերը, մի քանի խնդիր միանգամից լուծվում է», – ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը կարևորեց երեխաների դաստիարակման հարցում երեխային ինքնուրույն գործելու հնարավորություն տալը, քանի որ ժխտողական բառերով երեխայի հետ խոսելով՝ սահմանափակում ենք նրանց ինքնուրույն լինելու իրավունքը:

«Երբ ծնողներն ավելի ուշ են ինքնուրույնություն տալիս երեխաներին, ավելի հաճախ են խառնվում նրանց կյանքին, երեխաներն ավելի ուշ են կարողանում դառնալ ինքնուրույն մարդիկ, պարբերաբար ծնողի կամ ինչ-որ մեկի կարծիքից կառչած են լինում: Այս առումով ուղղակի լավ կլինի հետևել նրանց, ապահովել նրանց անվտանգությունը, բայց չխառնվել նրանց ինքնուրույն կյանքին, չփորձել որոշումներ կայացնել նրանց», – ասաց Անուշ Նավասարդյանը:

Դավիթ Ալավերդյանը նշեց, որ երեխաների ներկայիս արժեհամակարգի ձևավորման մեխանիզմները և սկզբունքները լիովին փոխվել են: Եթե նախկինում երեխաների արժեհամակարգը ձևավորվում էր առաջին հերթին ընտանիքում, հետո՝ դպրոցում, բակում, հանրության այլ շրջանակներում, այսօր մեծամասամբ դրան ավելացել են նաև հեռուստատեսությունը, համացանցը, և այդպիսով արտաքին ազդեցությունները ավելի մեծ են, քան նախկինում, սպառնալիքները հսկայական են, քանի որ երեխաներն այսօր ծնողների հետ միասին տեղեկատվական հոսքերի հսկայական ճնշման ներքո են, ինչը ներառում է տարբեր սերիալներ, շոու ծրագրեր, զվարճալիքներ:

Մենք ինքներս հաճախ չենք նկատում, թե ինչպես են մեր երեխաները դեգրադացվում և սկսում են խոսել այն բառերով, որոնցով խոսում են սերիալային հերոսները, հաճախ՝ ոչ պատշաճ հայերենով: Հաճախ չենք նկատում, որ ատելության խոսքը դառնում է գերակա և մարդիկ իրենց տարեկիցներին պիտակավորում են տարբեր բառերով, որոնք անմիջապես երեխաներին դարձնում են մրցակից, թշնամի կամ հակառակորդ: Մենք այնքան էլ լավ չենք հասկանում, թե ասենք նույն համացանցը կամ հեռուստատեսությունը ինչպիսի քաղաքացիներ են ձևավորում, որովհետև դրա արդյունքները երևալու են 10-15 տարի հետո, երբ նրանք մեծանան և դառնան լիարժեք քաղաքացիներ:
Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն էլ կարևորեց ծնողների կեցվածքը, որն ամենամեծ ազդեցությունն ունի երեխայի զարգացման գործում: Պետք է ուշադրություն դարձնել, թե տարիքին, պայմաններին համապատասխան ինչ բառեր ենք օգտագործում:

Հանդիպման ընթացքում երեխաների համար խաղեր կազմակերպվեցին, իսկ զրույցն այդ ընթացքում շարունակվեց ծնողների հետ:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը հիշեցրեց, որ խոսքը կարող է սարեր շրջել և ընդհակառակը՝ փլուզել մի ամբողջ պատմություն կամ մարդու կյանք, և խոսքի ուժը հասկանալու համար պետք է միայն մի ուղղությամբ չվերլուծել, այլ հասկանալ, թե ինչպե՞ս ենք շփվում երեխայի հետ, ինչպե՞ս ենք մեր ուրախությունը ու դժագոհությունն արտահայտում: Երեխաները կարիք ունեն ծնողից բառերով լսել, որ իրենց սիրում են: Լիլիթի խոսքով՝ ամենաշատն, ինչի պահանջն այսօր երեխաներն ունեն աշխարհում՝ սերն է և հիմնականում՝ ծնողի սերը. պետք է դա ցույց տալ և բառերով արտահայտել, խրախուսել երեխայի դրական արդյունքը գործողություններում, որպեսզի նա հասկանա իր ուժեղ կողմերը, դառնա լավատես, ինքնավստահ, նպատակասլաց ՝ չվախենալով որևէ խնդրից. այս ամենն անում է ծնողն իր վերաբերմունքով:

Մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

Աղբյուրը` qahana.am

Place for supporters
& advertisement