Հոդվածներ

Հայ Հոգեւորականի՝ Սիրո եւ Միաբանության Կոչը

Սիրելիներ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ որոշ հոգեւորականներ եւ աշխարհականներ քննադատում են Հայ Առաքելական Եկեղեցին իր Հովվապետով։

Տեղին է վկայակոչել Պետրոս Առաքյալի հետեւյալ խոսքերը.

«Ով ուզում է կյանքը սիրել եւ լավ օրեր տեսնել,

թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց

եւ իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.

թող ետ քաշվի չարից եւ բարին անի,

թող խաղաղություն փնտրի եւ գնա նրա ետեւից,

որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրա է,

եւ նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին.

բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Ա Պետրոս 3:10-12)։

Հայրապետին քննադատելիս խնդրում ենք, որ ամենքը փոքր ինչ հիշեն այն բոլոր ազգանվեր եւ եկեղեցաշեն գործերը, որոնք իրականություն են դարձել նույն Հայրապետի ջանքերով։

Հետաքրքիր է, որ այսօրվա դժգոհություն արտահայտողները մեծ սիրով հաճախում են նույն Հայրապետի կողմից կառուցված եւ վերանորոգված եկեղեցիներն ու վանքերը եւ Աստված փառաբանում։

Բոլորս էլ քաջ գիտենք, որ շատ հեշտ է քննադատելը քան գովելը, հեշտ է քանդելը քան կառուցելը, հեշտ է մարդուն վար բերելը քան բարձրացնելը։ Ուրեմն, իբրեւ գործով քրիստոնյաներ՝ փորձենք կատարել դրականը, լավն ու բարին եւ այն ամենը՝ ինչ հաճելի է Աստծուն։

Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, այլ բոլորս էլ փորձում ենք ձգտել կատարելության։ Կարեւոր է հիշել նաեւ, որ ինչ դատաստանով դատենք, նույն դատաստանով էլ պիտի դատվենք Աստծո առաջ։

Քրիստոս ասաց, «Սիրե՛ք միմյանց»։ Արդյո՞ք մենք սիրում ենք միմյանց, եթե այո, ապա փորձենք այն արտահայտել ոչ միայն խոսքով, այլեւ մեր ապրած կյանքով եւ գործերով։

Թո՛ղ Աստված ամենքիս խաղաղության մեջ պահի, եւ մենք էլ

սիրով ու աղոթքով զորակից լինենք մեր Հայրապետին։

Հայ հոգևորականներ

Place for supporters
& advertisement