Հոդվածներ

Մայր Աթոռը` հայրենիքի պաշտպաններին

Արագորեն արձագանքելով ապրիլյան իրադարձություններին`Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը նախաձեռնեց ծրագիր, որով Արցախի մի քանի շրջանների զինծառայողներին հումանիտար օգնություն տրամադրվեց` սնունդ, հիգիենիկ պարագաներ և այլն: Միաժամանակ, Մայր Աթոռի հովանու ներքո գործող Գյումրու հայորդաց տան ջանքերով մոտ 40 տոննա սնունդ հասցվեց զինծառայողներին: Բայց սա միայն առաջին փուլն էր:

«Այս պահին «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մշակում ենք ծրագիր, որով փորձելու ենք օգնել ռմբակոծված տարածքներից տեղահանված արցախցիներին, ովքեր հարակից շրջաններ կամ Հայաստան են տեղափոխվել»,- նշում է Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային գործակցության Ակտալիանսի աջակցությամբ: «Արցախ այցելության ընթացքում կատարել ենք կարիքների գնահատում` պարզելու, թե հատկապես ինչ է անհրաժեշտ  տեղահանված բնակիչներին: Իսկ հայաստանյան թեմերի հետ համագործակցության շնորհիվ նաև մարզերում  հաստատվածների թիվն ունենք: Ընդհանուր առմամբ, թե՛ Արցախում մնացածները, թե՛ Հայաստան եկածներն առաջին հերթին հումանիտար օգնության կարիք ունեն: Շատերը թողել են իրենց տներն ու հանպատրաստից դուրս եկել գյուղերից»,- ասում է Տեր Մարկոսը:

Ծրագիրը կմեկնարկի մյուս շաբաթ: Հայաստանում այն 3 ուղղությամբ կիրագործվի ` Սյունիք, Կոտայք և Արմավիր. այստեղ են հիմնականում բնակություն հաստատել  տեղահանված բնակիչները:  Բարեգործական ծրագիրը կշարունակվի Արցախում ևս:

Մայր Աթոռի կողմից նաև հատուկ ֆոնդ է հաստատվել, որով աջակցություն է ցուցաբերվելու վիրավորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Նախատեսվում է, որ այն չի սահմանափակվի մեկանգամյա դրամական աջակցությամբ: «Լինելու է համալիր օգնություն, մեզ հետաքրքրում են նաև իրենց սոցիալական խնդիրները: Սա լինելու է պարբերական, երկարատև աշխատանք, որը կատարվելու է թեմերի միջոցով»,-նշում է Տեր Մարկոսը:

Ինչպես գիտեք, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն արդեն իսկ Արցախին է փոխանցել Մայր Աթոռի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում շարունակվելու են: Տեր Մարկոսը հավելեց նաև, որ օրերս Մայր Աթոռի բարերար Արա Աբրահամյանի կողմից հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Ս. Էջմիածնին հաջակցություն Արցախի:

Մարիամ Ավետիսյան

Place for supporters
& advertisement