Հոդվածներ

«Շաղախենք մեր կյանքը սիրով». Գարեգին Բ Վեհափառ

  • Հայ կյանքը հաց ու գինով է թաթախուն, հայոց հողը`վանք ու խաչքարով ծաղկուն:
  • Պատահական չէ, որ մեր ազգի զավակունք, ուր էլ որ լինեն, կառուցում են եկեղեցի և նրա կողքին`դպրոց, որովհետև գիտեն, որ հայի անառիկ ամրոցն այդ երկու սրբազական հաստատություններն են, հային հայ պահողն այդ երկու հրաշագործ զորություններն են: Եվ միայն այդ երկու կռվաններին, հզոր, անսասան հիմերին հաստատված`մենք կարող ենք հարատևել և վստահությամբ մեր հայացքն ուղղել դեպի հազարամյակների խորքը և դեպի հավերժություն:
  • Հավատքը թանկագին ավանդ է, հոգու կենդանությունն ու լույսն է, որը պիտի պահպանել, խնամել, սնուցել ու աճեցնել, որ այն որևէ մտածությամբ, խոսքով կամ գործով չվնասվի ու չավերվի մեր հոգում:
  • Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր արժեքների գանձարան, իսկ առանց հոգևոր և բարոյական արժեքների անկայուն ու անապագա է ցանկացած հասարակություն ու պետություն:
  • Շաղախենք մեր կյանքը սիրով: Աստվածային Սուրբ Սիրով, որ ամոքում է վշտացած հոգիներ, կյանք պարգևում անկյալ մարդուն ու վերափոխում աշխարհը:
  • Դարավոր ավանդույթները կարող են փոփոխվել, արժեքները կարող են վերաիմաստավորվել, բայց միշտ անփոփոխ է այն ճշմարտությունը, որ աշխարհը իմաստազուրկ է առանց Աստծո, և մարդը իրականում միայնակ է ու անհույս`առանց կենդանի հարաբերության իր Արարչի հետ:
  • Աստծուն հավատալը Նրա գոյության մասին սոսկ իմացությունը չէ, այլ Աստծուն սիրելը, Աստծո խոսքն ընդունել այնպես, ինչպես ուսուցանել են մեզ մեր հայրերը, և կենարար այդ Խոսքով առաջնորդվելը:
  • Աստծուց հեռացած մարդը երբեք չպիտի հուսար տեսնելու կամ ճանաչելու ճշմարտությունը, բայց Քրիստոսով ճշմարտությունն ինքը մեր մեջ է`աստվածայինը միավորելու համար մարդկային մեր կյանքին:
  • Արդ, բաց է ճանապարհը դեպի Աստված և մեզ է թողնված ընտրությունը:
Place for supporters
& advertisement