Հոդվածներ

Շարունակվում է Մայր Տաճարի որմնանկարների վերականգնումը

Աշխատանքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում սկսվել է դեռևս ամիսներ առաջ: Այն հանձն է առել Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը:

IMG_1095Որմնանկարների վրայից մրային շերտի հեռացում, ներկի շերտի ամրակայում, ներկի շերտի թափված հատվածների լրացումներ, նախկինում կատարված գունային լրացումների գունափոխման ուղղումներ, որմնանկարների հիմքի վթարային հատվածների ամրակայում. այս ուղղվածությամբ են ընթանում վերականգնման աշխատանքները: «Վնասված հատվածներում սվաղի ամրակայման ժամանակ նաև կատարվում են ներարկման աշխատանքներ: Այսինքն`արվում են առաջին անհրաժեշտ միջոցառումները», – նշում է Կենտրոնի ավագ մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը:

Առաջին հայացքից հստակ է մոմավառության հետևանքով որմնանկարների վրա մրային շերտի առկայությունը։ Զարդամոտիվային կոմպոզիցիաները կատարված են յուղաներկային, իսկ որոշ հատվածներ` սոսնձային գեղանկարչական տեխնիկայով, ինչի պատճառով մրային շերտը դժվար է հեռացվում: Յուղաներկային տեխնիկայով կատարված հատվածները մաքրվում են միայն ջրային լուծույթներով։

IMG_1083Մինչ աշխատանքներն սկսելը կատարվել է նախնական ուսումնասիրություն ու տեխնիկական վիճակի եզրակացություն: Վերականգնող մասնագետներն աշխատանքը կատարում են մեծ զգուշությամբ, այնպես, որ  հարազատ մնան բնօրինակին:

Մայր Տաճարի որմնանկարների պատմությունը սերտորեն կապված է Հովնաթանյաններ նկարազարդող տոհմի հետ։ Նաղաշ Հովնաթանն Էջմիածնում աշխատել է 1679-82 թթ-ին։ 1720 թ-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի պատվերով նա իր որդիներ Հակոբի և Հարությունի հետ շարունակում է Մայր Տաճարի որմնանկարչական աշխատանքները։ Նկարազարդվում են գմբեթի ներքին հատվածները, ինչպես նաև Ավագ խորանի բեմի ճակատի (բեմապատ) մարմարյա հարթության վրա Տիրամոր և տասներկու առաքյալների որմնանկարները։ 1783-86 թթ. Մայր Տաճարի ներսում վերականգնման աշխատանքնեIMG_1073րը կատարել է Հովնաթան Հովնաթանյանը։ Պատերի փակցված կտավների վրա նա պատկերում է Հին և Նոր Կտակարանի թեմաներով կոմպոզիցիաներ, ամբողջովին վերանորոգվում են տաճարի որմնանկարները և լրացվում  նոր ոսկեզօծ որմնանկարներով։

Տաճարը դարերի ընթացքում վերանորգման բազմակի շերտեր է կրում: 1954-1955 թթ-ին պրոֆեսոր Լիդիա Դուռնովայի ղեկավարությամբ 20 հայ նկարիչներից բաղկացած խմբի կողմից յուղաներկով նկարվում է տաճարի ներքին տարածքը՝ հավատարիմ մնալով Հովնաթանյանների որմնանկարների ոճին։

Որմնանկարները վերականգնվել են նաև 1980-81, 1992-93 և 2000-ական թվականներին։

Շաբաթներ անց Մայր տաճարն այցելուներին և ուխտավորներին կներկայանա նորովի գեղեցկացած. որմնանկարների վերականգնման աշխատանքը նախատեսվում է ավարտել հունիսին:

Մարիամ Ավետիսյան

Place for supporters
& advertisement