Հոդվածներ

Սուրբ Ծննդյան ժպիտ՝ անծանոթ փոքրիկին

Այս խորագիրն է կրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի հերթական ծրագիրը: Փոքրիկ բարի ձեռնարկի հիմնական նպատակը Վանաձորում և Գյումրիում ապրող 200 խիստ կարիքավոր ընտանիքների երեխաներին Սուրբ Ծննդյան նվերներ տանելն է, նրանց ուրախություն պարգևելը։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի խոսքով՝ծրագիրն իրականացվում է հատկապես Սուրբ Ծննդյան տոնին, քանի որ մենք` իբրև քրիստոնյաներ, ամանորից առավել մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն ենք կարևորում: «Երբ մենք մեր հարազատներին այցելում ենք իրենց ծննդյան տոների կապակցությամբ, նվերներ ենք տանում: Իսկ ի՞նչ ենք ընծայում մանուկ Հիսուսին, երբ եկեղեցի ենք այցելում Սուրբ Ծննդյանը: Իհարկե, կարևոր են հոգևոր ընծաները՝մեր հավատքը, սիրտը, բայց մեծ նշանակություն ունեն նաև գործերը: Չէ՞ որ Քրիստոս Ինքն ասում էր. «քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ` ի՛նձ համար արեցիք» (Մատթ.25.40): Տեր Մարկոսի խոսքով՝այս ծրագրի նպատակներից մեկը նաև նվիրելու, օգնելու, մեր ունեցածը կարիքի մեջ գտնվող մեկի հետ կիսելու «մշակույթն» արժևորելն է: «Ծրագրին աջակցող ընտանիքների փոքրիկները նվերներ են պատրաստելու իրենց հասակակիցների համար: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ երեխաների վրա, քանի որ մանկուց սկսում են մեծանալ այն գիտակցումով, որ իրենց ունեցածից հարկ է չունեցողներին ևս բաժին հանել»:

Սուրբ Ծննդյան ծրագիրը, սակայն, չի սահմանափակվում միայն նվերներով. Մայր Աթոռի (3մլն.դրամ) և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (1մլն. դրամ) հատկացվող միջոցներով Կենտրոնը Վանաձորի և Գյումրու շրջակայքում բնակվող շուրջ 200 անապահով ընտանիքների համար նաև պարենամթերք է գնելու: «Մեր օգնությունն, անշուշտ, փոքր չափով է, կարիքավոր ընտանիքների թիվն ավելի մեծ է, հուսանք, հաջորդիվ առավել մեծ չափով կկարողանանք օգտակար լինել: Այս ծրագրով մեր հիմնական նպատակը փոքրիկներին ուրախություն պարգևելն է՝մասնակից դարձնելով նաև պարզ քաղաքացիներին, ովքեր իրենք էլ մեծահարուստ չեն, բայց և կարողանում են որևէ փոքրիկ բան առանձնացնել՝դրա կարիքն ունեցող անծանոթ մի երեխայի համար»:

Յուրաքանչյուր ոք կարող է այս բարեգործական ծրագրի մասնակիցը դառնալ`ժպիտ ու ջերմություն պարգևելով մի փոքրիկի. ձեռնարկին միացողները կարող են Վանաձորի և Գյումրիի երեխաներին նվիրել գրքեր (մանկական, ուսուցողական), գրենական պիտույքներ, խաղալիքներ (ցանկալի է զարգացնող), քաղցրավենիք, ձմեռային տաք հագուստ (միայն նոր, չօգտագործված)։ Նվերները փոխանցելու համար կարելի է դիմել Սոցիալական ծառայության տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանին  (father.markos@gmail.com, +37455170819): Նվերները կհավաքագրվեն մինչև դեկտեմբերի 25-ը, որից հետո կդասավորվեն և հունվարի 8-10-ն այցելություններ կկազմակերպվեն ընտանիքներ։  «Այցելություններով, որոնք կկատարվեն Սուրբ Ծննդյան տոնակատարությունների`ութօրեքի ընթացքում, նպատակ ունենք նաև Սուրբ Ծննդյան ավետիսը տանելու, տնօրհնեքներ կատարելու՝աղոթելով այդ մարդկանց համար»,-ասում է Տեր Մարկոսը:

Սուրբ Ծննդյան այս ծրագիրն իրականացվում է թեմերի առաջնորդների օրհնությամբ և թեմական քահանաների անմիջական մասնակցությամբ: Նշենք, որ երեխաները մշտապես Մայր Աթոռի Սոցիալական ծառայության ուշադրության և հոգածության ներքո են: Գրասենյակն ամեն տարեվերջին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս. նախորդ տարի Մայր Աթոռի կողմից նվերներ են պատրաստվել Տավուշի սահմանամերձ 9 գյուղերի երեխաների համար, տարվա ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել են մի քանի ծրագրեր՝ Ծաղկազարդի, Անկախության տոների առիթով և այլն: Իսկ ամանորին Մայր Աթոռի կողմից հայորդյաց տների սաների համար նվերներ պատրաստելն արդեն բարի ավադույթ է:

Մարիամ Ավետիսյան

Place for supporters
& advertisement