Հոդվածներ

«Վարչապետի նկատմամբ ամենավատ կեցվածքն այսօր ունի ոչ թե տեր հայրը, այլ նրանք, որոնք քծնում են ապաշնորհ վարչապետին». Քահանա

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզ։ Սիսիանում նա այցելել էր նաև Սուրբ Գրիգոր եկեղեցի, եկեղեցում հոգևոր հովիվը չէր սեղմել նրա պարզած ձեռքը, որից հետո մի խումբ անձինք հայտարարեցին, որ հաշվեհարդար կտեսնեն քահանայի հետ։

168.amի հետ զրույցում Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադառնալով միջադեպին` նշեց, որ քահանան էլ է ՀՀ քաղաքացի և կարող է դիրքորոշում հայտնել։

«Վերջին օրերի այս միջավայրը այդ միջադեպին տրամադրող էր։ Հիշեք Մարտունի քաղաքում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպը, նրա մուտքը եկեղեցի խոչընդոտվել է, և նա հետապնդման էր ենթարկվել՝ իշխանությունների հովանավորչությունը վայելող մի քանի հոգու կողմից։ Նրանք խոչընդոտել են քահանայի մուտքը եկեղեցի՝ պատճառաբանելով, թե նա դրսևորել է քաղաքական կեցվածք, սա էլ այն դեպքում, երբ քահանան ՀՀ քաղաքացի է, ընտրվելու և ընտրելու իրավունք ունի, նաև իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալ, ինչպես կարելի է  դրա համար արգելել, որպեսզի քահանա մտնի եկեղեցի, և դրա համար որևէ պատասխանատվություն չենթարկվեն։ Այսինքն՝ քահանան հետպնդվում է իր քաղաքական կեցվածքի համար, մեր հասարակության մի չնչին, ագրեսիվ զանգված հայտարարում է, թե քահանայի հանդեպ իրականացրածը քիչ է, ու լավ են արել, և որևէ օրինապահ մարմին որևէ միջոց չի ձեռնարկում։ Քահանայի վրա հարձակում գործադրած մարդկանց մեջ կային զինվորական համազգեստով անձինք, իրենք Մարտունիում զինվորական համազգեստով ի՞նչ էին անում ու ներկայանում էին՝ որպես կամավոր։ Ինքս էլ եմ կամավոր գնացել առաջնագիծ, հիմա ի՞նչ անեմ՝ զինվորական համազգեստով պտտվե՞մ»,- ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Քահանայի խոսքով՝ Սիսիանի քահանայի կեցվածքն ու մոտեցումը նորմալ է։

«Շատ էլ նորմալ կեցվածք էր։ Վերջին 2,5 տարում թշնամանք ու ատելություն սերմանող ապաշնորհ իշխանությունները, մարտունակ բանակի առկայության դեպքում, պարտություն կրեցին։ Կապիտուլյացիա ստորագրած վարչապետը թշնամուն հանձնեց ոչ միայն Արցախի հարակից շրջանները, այլև բուն Լեռնային Արցախի շրջանները։ Բնականաբար, քահանան այս ամենից պետք է նեղված լինի, երկրի անվտանգության համար մեկ պատասխանատուն՝ գերագույն հրամանատարը, ստորագրում է մի համաձայնագիր, որտեղ որևէ հայանպաստ կետ չկա։ Նաև եկեղեցու նկատմամբ 2,5 տարվա ընթացքում  եթե տեսնենք իշխանության կեցվածքը՝ սկսած Վեհափառից մինչև շարքային քահանաներ, միայն ատելություն է։ Սգո ջահերով երթին բազմահազար ժողովրդի հետ քայլող քահանաների հասցեին տեսնեիք համացանցում ինչ էին գրում, ցավոք, նրանց մեջ իշխանության ներկայացուցիչներ կան, նրանց ֆեյքերը կան։ Մտեք համացանց ու տեսեք Ռեգինա Պռազյան կեղծ օգտատիրոջ նյութերը, մեկնաբանությունները, և այդ ամենով իրենց էջերին կիսվում են պաշտոնյաները»,- հավելեց քահանան։

Նա ընդգծեց, որ այսօր եկեղեցու պահվածքը ոչ թե իշխանությունների դեմ է, այլ պարզապես եկեղեցին ուզում է, որ ազգը փրկի կործանումից ու քաղաքացիական պատերազմից, որը հրահրում է ապաշնորհ իշխանությունը։

«Իշխանությունը ժողովրդին տանում է բախման, մենք մեր կեցվածքով փորձում ենք դրանից խուսափել։ Վարչապետի նկատմամբ ամենավատ կեցվածքն այսօր ունի ոչ թե տեր հայրը, որը ձեռքը չի մեկնել՝ նա ազնիվ ու շիտակ է եղել իր զգացողությունների մեջ, այլ նրանք են, որոնք քծնում են ապաշնորհ վարչապետին, որոնք երկիրը կործանման եզրին հասցրած մարդուն քծնում են։ Այսօր սահմանում խնդիր ունենք՝ նա չի կարողանում հարցը լուծել, զինադադարից հետո զոհեր ունենք՝ հարցը կրկին չի կարողանում լուծել, գերեվարվածներ ունենք, և այդ հարցը ռուսներն են լուծում, որի համար նրանց շնորհակալ ենք։ Երկիրի վարչապետը պահում է միայն իր անձի անվտանգությունը։ Եռաբլուրում տեսանք ծափողջույններ, գոռում-գոչյուններ, հրմշտոց, զոհվածների հարազատների նկատմամբ բռնություն։ Երբեք որևէ ղեկավար չէինք տեսել, որ այդ կարգի անվտանգության միջոցառումներով, կառավարական մեքենաներով, անվտանգության ճամպրուկներով, հովանոցներով գնա Եռաբլուր։ Ախր նա գիտեր, որ Եռաբլուրում չէին ուզում իրեն տեսնել։ Այնպես որ, ինքս տեր հայրին զորակցում եմ»,- շեշտեց քահանա Վրթանես Բաղալյանը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը գնար Օձունի եկեղեցի, նրան այնպես կդիմավորե՞ր, ինչպես Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը դիմավորեց, քահանան պատասխանեց, որ հասարակության մեծագույն մասը, եթե անկեղծ լինի, ապա նույն կերպ կվարվի վարչապետի հետ։

«Գուցե վաղը այս թշնամանքն ու ատելությունը խորանա, և նրա հետ ավելի վատ վարվեն, բայց մեղավորությունը ոչ թե վարվողների մեջ է, այլ իր մեջ է՝ իր թշնամանք ու ատելություն սերմանելու մեջ։ 2,5 տարում, բացի ատելություն սերմանելուց՝ ոչինչ չարեց, նրա ուշք ու միտքը մի քանի ունևորների ունեցվածքին էր, նրանցից այն խլելու հոգեբանությամբ էր առաջնորդվում»,- նշեց քահանան և ընդգծեց, որ ստեղծված ծանր իրավիճակից միասնությամբ ու սիրով պետք է դուրս գան, իսկ հայրենադավներին և աստվածուրացներին պետք է Աստված դարձի բերի ու ապաշխարություն պարգևի։

Place for supporters
& advertisement