Հոդվածներ

Նախ մարդու մեջ պետք է կառուցել եկեղեցին, հետո մարդը շատ ավելի եկեղեցիներ կկառուցի. Հայր Նարեկ վարդապետ Ավագյան

Հայ Առաքելական եկեղեցու ամենաերիտասարդ թեմում՝ Արթիկում, արդեն սկսված ձեռնարկների շարունակություն ու նոր ծրագրեր են սպասվում: Կատարվածի և կատարվելիքի մասին թեմի առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը ներկայացնելուց առաջ հպարտությամբ նշեց, որ այս թեմը ՀԱԵ «ամենահարուստ» թեմն է՝ իր գործող եկեղեցիների թվով:

Թեմի գրեթե ամեն մի համայնք ունի եկեղեցի. Արթիկի թեմում գտնվող 22 համայնքից 16 ունի եկեղեցի, իսկ դա ինչպես նշեց թեմակալ առաջնորդը՝ ի շնորհիվ Շիրակի թեմի առաջնորդի՝ Արթիկի և Շիրակի միասնական թեմերի ժամանակ իրականացրած գործունեության: «Ուրախությամբ պետք է ասեմ, որ գրեթե ամեն գյուղում եկեղեցի ունենք: Սա այն թեմն է, որն ավելի շատ գործող եկեղեցի ունի քան չգործող: Աստծո կամոք 2016 թվականին վերանորոգումից հետո կվերաօծվեն նաև թեմի Հայկասար համայնքի Սբ Աստվածածին /19-րդ դար/, Սարատակ համայնքի Սուրբ Մինաս /19-րդ դար և Սարալանջ համայնքի Սբ Աստվածածին /5-10րդ դարեր/ եկեղեցիները: Այս երեք եկեղեցիներն էլ վերաօծելուց հետո, թեմում եկեղեցիների վիճակը բավական բարվոք կլինի»,- նշեց թեմի առաջնորդական տեղապահն՝ փաստելով, որ թեմի եկեղեցաշինության համար ամենամտահոգ թեման այս պահին Արթիկ քաղաքի 5-7-րդ դարի, Հոռոմ գյուղի 19-րդ դ /որը կառուցված է հին եկեղեցու տեղում/ և Նոր Կյանք գյուղի 7-րդ դ գյուղերի եկեղեցիներն են:

13059621_1055982347772376_322430564_n«Թեմը փոքր է և ինքնաբավ չէ և չի կարող ինքնուրույն նորոգումներ իրականացնել առանց բարերարների ու բարի կամք ունեցող մարդկանց աջակցության: Այս գործընթացը թեմում արդարացված է, քանի որ այս բոլոր եկեղեցիները նման սկզբունքով են նորոգվել: Անշուշտ, յուրաքանչյուր առաջնորդի նպատակն է, որ իր տարածքում չգործող կամ խոնարհված եկեղեցի չլինի»,-նշեց Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը:

Խոսելով նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն հինը նորոգելու անհրաժեշտության մասին՝ Հայր Նարեկը նշեց, որ ինքն ավելի կողմնակից է հին եկեղեցիները նորոգելուն, բայց, շատ դեպքերում, հատկապես, երբ բարերարներն են դա իրականացնում, վերջիններիս համար ֆինանսական առումով շատ դյուրին է նորը կառուցել է, քան դարավոր եկեղեցիները նորոգել, ինչը կրկնակի ծախսատար է շատ դեպքերում:

Գյուղերում հոգևոր կյանքի ակտիվացմանը նպաստում են պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու առաջնորդի ձեռամբ մատուցված պատարագները:

«Եկեղեցին միայն քարեղեն կառույցը չէ, այլ ժողովուրդն է և դրա համար նախ մարդու մեջ պետք է կառուցել եկեղեցին, հետո մարդը շատ ավելի եկեղեցիներ կկառուցի: Այստեղ հավատացյալ մեծ բանակ կա: Բազմիցս եմ ասել՝ շատ գոհ եմ ժողովրդից, ինչը խոսում է տարիներ շարունակ այստեղ ծառայած հոգևորականների, առավել 13023588_1055982464439031_753509903_nևս՝ Միքայել սրբազանի գործունեության մասին:Որքան էլ որ շքեղ եկեղեցի լինի, բայց եթե աղոթք չի հնչում եկեղեցու պատերից ներս, ուրեմն այդ եկեղեցին կդադարի որպես եկեղեցի ծառայել: Փառք Աստծո, մենք այդ խնդիրը չունենք, հակառակը մենք դեռ եկեղեցի նորոգելու ու խոնարհված եկեղեցիները վերականգնելու պանաջը ունենք և այս գործընթացը նմանվում է սարից իջնող ձնագնդիի, որը տարիների ընթացքում մեծանում է և եթե ասում ենք որ 22 գյուղ ունեցող թեմն այսօր ունի 16 եկեղեցի՝ սա վերը նշվածի ամենավառ ապացույցն է, փոխարենը թեմն ունի հոգևորականների խնդիր՝ 22 գյուղ և 1 քաղաք ունեցող թեմն ունի ընդամենը 4 քահանա, ինչը թերացում առաջացնում է պարզապես ֆիզիկապես չհասցնելու հտևանքով. 1 քահանա ստիպված է 1 շաբաթվա ընթացքում 10 գյուղ այցելել, բայց միայն գյուղով չէ, պետք է նաև օրինակ դպրոցներ այցել: Նվազագույնը 1 քահանայի կարիք թեմն այսօր ունի, բայց, մինչ Մայր Աթոռին այս հարցով դիմելը, նախ պետք է լուծվի քահանայի կեցության հարց: Այս հարցը լուծելու դեպքում, կլուծվի նաև հիմնական հարցը»,- հավելեց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը` հույս հայտնելով, որ ավելի լավ լուրերով ու նորություննեով կամփոփվի տարին, քանի որ այդ ներուժը, կարողությունն ու ցանկությունը կա:

Արմենուհի Մխոյան

Place for supporters
& advertisement