Օրվա պատգամ

Ավետարան ըստ Մատթեոսի 14.1-12

Ավետարան ըստ Մատթեոսի 14.1-12

1 Այն ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց.
2 «Նա է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»:
3 Արդարև, Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտի մեջ էր դրել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
4 որովհետև Հովհաննեսը նրան ասում էր. «Օրինավոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս»:
5 Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում:
6 Եվ երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձը հասավ, Հերովդիայի դուստրը հրավիրյալների առաջ պարեց. և հաճելի թվաց Հերովդեսին.
7 ուստի և նա երդումով խոստացավ նրան տալ, ինչ էլ որ ուզի:
8 Եվ նա, առաջուց խրատված լինելով իր մորից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»:
9 Եվ թագավորը տխրեց, բայց երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ:
10 Եվ մարդ ուղարկեց, գլխատել տվեց Հովհաննեսին բանտի մեջ:
11 Եվ նրա գլուխը բերվեց սկուտեղով ու տրվեց աղջկան: Եվ սա տարավ այն իր մորը:
12 Իսկ Հովհաննեսի աշակերտները եկան վերցրին մարմինը և թաղեցին. և եկան պատմեցին Հիսուսին: