Օրվա պատգամ

Աւետարան ըստ Մարկոսի 9.13-26

13 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: 15 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17 եւ ուր պատահում է, նրան գետնին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետնին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: 25 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: 26 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: