Օրվա պատգամ

Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում

Ավետարան ըստ Հովհաննեսի 5.31-47

31 «Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ:
32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին:
33 Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը:
34 Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք:
35 Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով:
36 Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տվեց, որ կատարեմ, այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ:
37 Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել:
38 Եվ ո՛չ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում:
39 Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք:
40 Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք:
41 Ես մարդկանցից փառք չեմ առնում:
42 Բայց գիտեմ ձեզ, որ Աստծո հանդեպ սեր չունեք ձեր մեջ:
43 Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում: Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք:
44 Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, եթե իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս:
45 Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ. կա մեկը, որ որպես ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել.
46 որովհետև եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն և ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել.
47 իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»: