Օրվա պատգամ

Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում

Ավետարան ըստ Մարկոսի 8.10-21

10 Եվ իսկույն աշակերտների հետ նավակ մտնելով՝ եկավ Դաղմանունայի կողմերը:
11 Եկան փարիսեցիները և սկսեցին վիճել նրա հետ և նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
12 Եվ նա իր հոգում զայրացավ և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի»:
13 Թողեց նրանց, նորից նավակ մտավ և գնաց ծովի մյուս կողմը:
14 Եվ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մեկ նկանակ ունեին իրենց նավակի մեջ:
15 Եվ նա պատվիրեց նրանց ու ասաց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»:
16 Իսկ նրանք իրենց մեջ խորհում էին և ասում. «Հաց չունենք»:
17 Հիսուս իմացավ նրանց խորհուրդը և նրանց ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր սրտերում խորհում, թե հաց չունեք. դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. ապշությո՞ւնն է ձեր մտքերը պատել:
18 Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք ու չե՞ք լսում և դեռ չե՞ք հասկանում ու չե՞ք հիշում.
19 երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եվ նրան պատասխանեցին՝ տասներկու:
20 «Եվ երբ յոթ նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբյուղ լիքը վերցրիք»: Եվ նրանք պատասխանեցին՝ յոթ:
21 Եվ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպե՞ս չեք հասկանում»: