Օրվա պատգամ

Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին 3.14-4.13

14 Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, 15 որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, 16 որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս. 17 այնպէս որ, ձեր հաւատի միջոցով Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. 18 եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ինչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, 19 այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծոյ լրիւ ամբողջութեամբ: 20 Ուրեմն, նրան, որ կարող է աւելին անել՝ առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, 21 նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 4 1 Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկուածս, որ ընթանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչուեցիք. 2 կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք միմեանց սիրով, 3 ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. 4 մէկ մարմին եւ մէկ հոգի, ինչպէս որ մէկ է ձեր յոյսը, որին Աստուած կոչեց մեզ: 5 Մէկ Տէր կայ, մէկ հաւատ, մէկ մկրտութիւն, 6 մէկ Աստուած՝ Հայր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ: 7 Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ՝ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8 դրա համար էլ ասում է. «Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ տուեց»: 9 «Ելաւ»-ն ի՞նչ է, եթէ ոչ՝ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը: 10 Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը: 11 Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12 հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13 մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծոյ Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը: