Թեմեր և Պատվիրակություններ

Ավարտվեց քահանաների տարեկան ժողովը

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում, Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների տարեկան ժողով։
Համավարակի տարածման կանխարգելման նպատակով քահանաները ժողովին մասնակցեցին հեռակապով։
Իր հայրական օրհնությունն ու բարեողջույնը բերելով ժողովականներին՝ թեմակալ առաջնորդը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում վերջերս ստեղծված «Աջակցենք Արցախին» հանձնախմբի աշխատանքներին, որի կազմում սփյուռքի այլ թեմից բացի ընդգրկված է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը։
««Աջակցենք Արցախին» հանձնախմբի գործունեությունը նպատակաուղղված է բացառապես հումանիտար ծրագրերով օգնելու պատերազմի հետևանքով սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին, ավերված բնակավայրերի ու սրբավայրերի վերականգնմանը, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած արցախյան շրջաններից տարհանված և Հայաստանում ապաստանած բնակիչների նկատմամբ հոգատարության իրականացմանը։Այս ծրագրի առաջին փուլի աշխատանքների համար թեմն արդեն փոխանցել է 100 հազար դոլար»,-իր խոսքում նշեց Եզրաս սրբազանը։
Խոսելով համավարակի դեմ պայքարի, Արցախյան պատերազմի ընթացքում կատարված բարեգործական ծրագրերի մասին՝ սրբազան հայրը նշեց, որ թեմը կատարել է ավելի քան 500 հազար եվրո փոխանցում, կազմակերպել և Հայաստան տեղափոխել տաք հագուստ, սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ։
Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը բերեց և փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գոհունակությունը սոցիալական աջակցության գործում քահանաների ունեցած կարևոր դերակատարության առնչությամբ։ «Մեր Հայրենիքը կարիք ունի իր յուրաքնաչյուր զավակի զորակցության։ Սա պետք է շարունակական լինի, քանի դեռ մեր երկիրը գտնվում է քաղաքական և տնտեսական ծանր ու անորոշ վիճակում»,- նշեց Եզրաս սրբազանը։
Հոգևոր առաջնորդն առանձակի գորովանքով խոսեց Արցախյան պատերազմի օրերին առաջնագիծ մեկնած Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի, Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանի և Տեր Աշոտ քահանա Ղազարյանի մասին, ովքեր օրեր շարունակ վտանգավոր ու դժվարին պայմաններում Աստծո խոսքով քաջալերել ու ոգեշնչել են հայրենյաց պաշտպանության համար կռվող հայ մարտիկներին։
Քահանաներն իրենց հերթին զորակցություն հայտնեցին սրբազան հորը և կարևորեցին համազգային միասնականությունը, Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը։
Ժողովի ընթացքում քահանաները նաև տեղեկություններ փոխանցեցին համայնքների ներկա վիճակի, համավարակի, հետպարտերազմյան դժվարությունների հաղթահարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։
Ժողովի ավարտին Եզրաս սրբազանը, կարևորելով հոգևոր հայրերի մատուցած ծառայությունը Եկեղեցուն, Հայրենիքին և հայ ժողովրդին, իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց՝ մաղթելով, որ Տերը շնորհներով զորացնի եկեղեցականներին՝ փառքով կատարելու իրենց հոգևոր ծառայությունը, լինեն լավատես և քաջառողջ։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան
Place for supporters
& advertisement