Թեմեր և Պատվիրակություններ

Արեւմտեան թեմի հոգեւորականաց ժողովը

Աւանդոյթ դարձած սովորոյթով՝ Սրբոց Ղևոնդեանց Տօնի առիթով հրաւիրուեց ԱՄՆ Արևմտեան թեմի 2020 թուականի հոգևորականաց առաջին ժողովը։ Այս տարի Փետրուարի 18-ին այն տեղի ունեցաւ Սբ. Ղևոնդեանց առաջնորդանիստ Մայր Տաճարում, նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան հօր՝ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի։

Առաւօտեան տեղի ունեցաւ ժամերգութիւն, որից յետոյ Սրբազան Հօր աղօթքով և շնորհաւորական խօսքով՝ նուիրուած Սբ. Ղևոնդեանց քահանայից տօնին, Արմէն Համբար սրահում սկսուեց հոգևորականաց ժողովը։ Շնորհաւորելով և իր բարեմաղթութիւնները յղելով Ս. Ղևոնդեանց քահանայից Տօնի առիթով՝ Սրբազան Հայրը ի մասնաւորի կարևորեց միմեանց նկատմամբ հոգածութիւն դրսևորելու, հովուուական կեանքի մէջ առաւելագոյնը ներդնելու կարողութիւնը՝ ասելով. «Բոլորս անխտիր մեր առօրեայ կեանքին մէջ բազում փորձութիւններու առջև կը կանգնինք։ Բոլորին կը յաղթենք, երբ մեր հաւատքը կեանքին կը կոչենք գործնապէս կենտրոնացած ըլլալով մեր հոգևոր առաքելութեան վրայ և ի մասնաւորի իրար նկատմամբ ցուցաբերած յարգանքով ու սիրով»։

Ժողովի սկզբնաւորութեան Սրբազան հայրը մանրամասն ներկայացրեց 20 կէտից բաղկացած այն կարևոր ծրագրերը, որոնց կեանքին կոչումով նոր թափ և զարգացում կ’ապրի իւրաքանչիւր եկեղեցի՝ լոյս սփռելով թեմական կեանքին վրայ։ Դրանցից էին՝ Reclim-ի կազմակերպումը, որ այս տարի նուիրուած է Ս. Էջմիածնին (այն մանրամասնեց Տ. Վազգէն Քհնյ. Մովսիսեանը), թեմական կեանքի կազմակերպումը վերազինելու նոր թուային ծրագրեր ներդնելու քայլերը, որ ներկայացրեց Առաջնորդարանի Վարիչ-տնօրէն Յարութ Մարգարյանը, նոյեմբերին Ս. Էջմիածնում անցկացուելիք Ազգային-եկեղեցական ժողովին ընդառաջ կազմակերպական և պատգամաւորների ընտրութեան հարցերը։ Տիրան Աւագեանը խօսեց թեմի եկեղեցիների տարեկան անդամական ժողովների կազմակերպման հարցերի մասին։ Hye camp-ի գործունէութեիւնը ներկայացրեց Տ. Գրիգոր Քհնյ. Զաքարեանը։ Առաջնորդ Սրբազան հայրը կարևորեց այլ կէտեր ևս, յատկապէս խօսելով Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգութեան նուիրահաւաքի կազմակերպման մասին, որի յանձնաժողովի ատենապետն է Յովնան Արք.-ը և վերջին շրջանում է՛լ աւելի յաճախականութեամբ է այցելում Հայց. եկեղեցւոյ տարբեր թեմեր նուիրահաւաքի առաքելութեամբ։

Ժողովի երկրորդ մասին, որ նուիրուած էր Մաղաքիա Արք. Օրմանեանի մահուան 100-ամեակին, կազմակերպուեց գիտաժողով՝ ևս մէկ անգամ ոգեկոչելու երջանկայիշատակ պատրիարք-գիտնականի վաստակը։ Թեմի հոգևորականների զեկոյցներով և մասնակցութեամբ անցած դասախօսութիւնների շարքը լաւագոյն առիթն էր իւրաքանչիւր հոգևորականի համար՝ վերստին հաղորդակցուելու Պատրիարք Սրբազան Հօր հոգևոր ու գիտական, եկեղեցական ու ազգային վաստակին, նորոգելու իրենց հաւատքն ու կոչումը այդ ժառանգութեան լոյսի ներքոյ։ Գիտաժողովի զոյգ նիստերին ելոյթ ունեցան Հոգշ. Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանը, որ ներկայացրեց «Օրմանեանի դարձը դէպի մայր եկեղեցի» զեկոյցը, Արժն. Տ. Վազգէն Քհնյ. Բոյաջեանը՝ «Օրմանեանի անտիպ արխիւները Հայաստանի մէջ», Արժ. Տ. Զաքարիա Քհնյ. Սարիբեկյանը՝ «Օրմանեան մտքի և գրիչի մարդը և գրաւոր վաստակը»։

Երեկոյեան Սբ. Ղևոնդեանց առաջնորդանիստ Մայր Տաճարի մէջ մատուցուեց Ս. Պատարագ, պատարագիչն ու հոգևոր պատգամը փոխանցողն էր՝ Արժն. Տ. Տաթև Աւ. Քհնյ. Յարութիւնեանը։ ԱՄՆ Արևմտեան թեմի 2020 թուականի հոգևորականաց առաջին ժողովն աւարտեց իր աշխատանքը՝ ստացուած պատգամները կեանքի կոչելու, յառաջիկայ երկուշաբթի Մեծ պահքին նախապատրաստուելու մտքերով։

Դիւան Առաջնորդարանի

Place for supporters
& advertisement