Թեմեր և Պատվիրակություններ

Գուգարաց թեմում վերաօծվեց Լորուտ համայնքի Ս. Սարգիս եկեղեցին

Լոռու մարզի Լորուտ համայնքում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` սեպտեմբերի 10-ին վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին:

Ընդհանուր թվով հազարից ավել բնակչություն ունեցող այս համայնքը մինչ օրս չուներ գործող եկեղեցի: Խոնարհված եկեղեցու վերականգնումը շատ երկար սպասված փափագ էր համայնքի բնակիչների համար: Սակայն խոստացված էր վերակառուցել, և սրբավայրը կարճ ժամանակամիջոցում վերակառուցվեց բարերարությամբ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի՝ ի մխիթարություն և առողջություն իր կնոջ՝ Նվարդի և թոռան՝ Կարենի:
Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:
 Եկեղեցու վերակառուցմանը իրենց նյութական համեստ աջակցությունն են ցուցաբերել նաև համագյուղացի Լեռնիկ Մելիքյանը և ռուսաստանաբնակ Էդիկ Զարինյանը: Իսկ Թումանյանի համայնքապետը՝ Լևոն Զավարյանը, եկեղեցուն նվիրեց մեկ հատ սկիհ:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ եկեղեցում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:
Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչներ, նախկին մարզպետն ու տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի ներկա քաղաքապետը, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարին, օրհնության գիր ու Հայաստանի պատմական սրբավայրերի հաստափոր պատկերազարդ ալբոմ նվիրեց Կարեն Սարիբեկյանին:
Արարողության ավարտին ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:
Սուրբ Սարգիս եկեղեցում այսուհետ իբրև հոգևոր հովիվ եկեղեցական խորհուրդներ կկատարի Թումանյանի տարածաշրջանի հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:
 Գուգարաց թեմի առաջնորդը այդ օրը հայտարարեց Լորուտ գյուղի օր:
Դիվան Առաջնորդարանի
Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement