Թեմեր և Պատվիրակություններ

Կայացաւ «Հայ եկեղեցւոյ 20-րդ դարի ականաւոր հոգևորականներին» նուիրուած գիտաժողովը

Հոկտեմբերի 8-ին Արևմտեան թեմի առաջնորդարանի Արմէն Համբար սրահի մէջ տեղի ունեցաւ «Հայ եկեղեցւոյ 20-րդ դարի ականաւոր հոգևորականներ» խորագիրը կրող գիտաժողովը։

Թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի մտայղացումով, անմիջական հովանաւորութեամբ և օրհնութեամբ կայացած այս գիտաժողովը անցել է նախապատրաստական երկար ճանապարհ։ Ի սկզբանէ այն նպատակ ունէր ներկայացնելու մեր եկեղեցու սիւներ հանդիսացած 20-րդ դարի մեծ հոգևորականներին, առաջնորդներին, մեր ժողվրդի բախտորոշ ժամանակահատուածում նրանց ազգօգուտ քայլերը, հոգևոր, գիտական, գրական ժառանգութիւնը, ապա և մեր օրերը տեղափոխել և 21-րդ դարի անհատին մատուցել նրանց ստեղծած հոգևոր անսպառ գանձերը։ «Անոնցմէ ամէն մէկը իր մէջ կը խտացնէ Աստուծոյ սէրն ու իմաստութիւնը, տարողութիւնը հայ եկեղեցւոյ, առաքելութիւնը։ Ճանաչենք մեր մեծերը, որպէսզի մեր մէջ վերապրինք գիտակցութիւնն ու ոգին հայ եկեղեցւոյ առաքելութեան», Յովնան Սրբազանի այս հիմնական պատգամով է անցել գիտաժողովի կազմակերպման ողջ ընթացքը։

Նախապատրաստական ողջ ընթացքից, հիմնական զեկուցումները պատրաստելուց, անհրաժեշտ ծանուցումները ապահովելուց յետոյ, հոկտեմբեր 8-ին առաւօտան ժամը 9։30 Առաջնորդ Սրբազան Հօր հանդիսաւոր բացումով և աղօթքով սկսուեց գիտաժողովը։ Ներկա էին Գերշ․ Տ․ Վաչէ Արքեպս․ Հովսեփյանը և Թեմիս հոգևորականները և հաւատացեալներ։

Յովնան Սրբազանն իր խօսքի մէջ մասնաւորապէս բարի երթ մաղթեց գիտաժողովին՝ յատկանշական համարելով, որ այն անցնում է Քրիստոսի եօթանասուներկու աշակերտների և Թարգմանչաց տօներ միջև։ Յատուկ շնարհակալութիւն յայտնուեց մասնակիցներին՝ ամիսներ շարունակ զեկուցողները պատրաստելու համար, բարի գալուստ մաղթուեց յատկապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ժամանած Տ. Զաքարիա Ծ. Վրդ. Բաղումեանին և Ստամբուլից ժամանած Մաքրուհի Յակոբեանին։

Գիտաժողովի կազմակերպական յանձնախմբի ատենապետ Փրոֆ. Նորայր Պօղոսեանը ծանուցեց, որ գիտաժողովի հանդէպ մեծ հետաքրքրութիւն կայ նաև Հայաստանի և այլ երկրների հայագէտների մօտ, հիմնական զեկուցումներից զատ ստացուել են 30-ից աւելի մասնակիցների յայտեր նոր ու բազմազան թեմաներով, որոնք ամփոփուած կը լինեն Սրբազան Հօր յանձնարարութեամբ հրատարակուելիք ժողովածուի մէջ։ Հոգևոր սիւների ընտրութիւնը գուցէ որոշ իմաստով պայմանական է, քանզի նրանց թիւը շատ աւելի մեծ է, սակայն յօդուածները գալիս են լրացնելու և ամբողջացնելու այդ ցանկը։

Այնուհետև գիտաժողովի զոյգ նիստերի ընթացքին, որոնք սահուն վարեցին Տ. Զաքարիա Ծ. Վրդ. Բաղումեան և Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան, հոգևորական ու աշխարհիկ հայագէտներ յաջորդաբար ներկայացրին հետևեալ զեկուցումները։

Մկրտիչ Ա. Խրիմեան Կաթողիկոս – Յովհաննես Սարկաւագ Գումրույեան,

Մաղաքիա Արք. Օրմանեան – Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան,

Խորէն Ա. Մուրադբէկեան Կաթողիկոս – Տ. Վազգէն Քհնյ. Պոյաճեան,

Գէորգ Զ. Չորեքչեան Կաթողիկոս – Տ. Զաքարիա Ծ. Վրդ. Բաղումեան,

Գարեգին Ա. Յովսեփեանց Կաթողիկոս – Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան,

Գարեգին Եպիսկոպոս Խաչատուրեան – Նորայր Պօղոսեան,

Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը Ցեղասպանութեան օրերուն – Վահրամ Շեմմասեան,

Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստեան – Մաքրուհի Պ. Յակոբեան,

Թորգոմ Արք. Մանուկեան – Տիրան Աւագեան,

Վազգէն Ա. Պալճեան Կաթողիկոս – Տ. Վազգէն Քհնյ. Մովսէսեան,

Գարեգին Ա. Սարգիսեան Կաթողիկոս – Տ. Զաքարիա Ծ. Վրդ. Բաղումեան։

Գիտաժողովի մասնակիցներն ու հիւրերը հնարաւորութիւն ունեցան ողջ օրը գտնուելու մեր եկեղեցու հոգևոր սիւների ժառանգութեան, նրանց մատուցած հոգևոր մթնոլորտի մէջ։ Կէսօրից յետո գիտաժողովի բոլոր մասնակիցները ունեցան խմբանկար։ Բանաւոր խօսքի, տեսանիւթերի, սահիկների միջոցով ունկնդրեցին և վերապրեցին իւրանքանչիւրի կեանքի, գիտական, կրթական, գրական գործունէութեան առանցքային դրուագները։ Իւրաքանչիւր զեկուցող փաստական հարուստ նիւթի հիման վրայ բնութագրեց ականաւոր գործիչներին նաեւ իբրև անհատ, հոգևորական, ուսուցիչ։

Պէտք է ասել, որ թէ՛ գիտաժողովի բուն ընթացքին, թէ՛ յետագայ օրերին ստացուել են խիստ դրական արձագանքներ ստեղծուած մթնոլորտի, օգտակարութեան վերաբերեալ։ Ներկաները հնարաւորութիւն ունեցան նաև ստանալու Արևմտեան թեմի վերջին հրատարակութիւնները։ Յայտարարուեց նաև, որ յետայսու գիտաժողովների կազմակերպումը պարբերական բնոյթ է ունենալու։

*  *  *

Հոկտեմբերի 8-ի ողջ օրը Արևմտեան թեմի Առաջնորդարանում գիտական մթնոլորտ էր։ Երեկոյեան, որպէս գիտհաժողովի շարունակութիւն, Առաջնորդարանի նոյն՝ Արմէն Համբար սրահի մէջ, Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ և մասնակցութեամբ բազմաթիւ հիւրերի ու հոգևորականների, տեղի ունեցաւ նաև Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն Իսթամպուլահայ Ուսումնական Կեանքի եւ Կրթական Հաստատութիւններու» գրքի շնորհանդէսը: Ստուարածաւալ այս հատորը մանրամասն նկարագրութիւնն է 18-րդ դարավերջից ի վեր Ստամբուլի 170 դպրոցների ստեղծման, պատմութեան, ծրագրերի։

Գիրքը ներկայացրեց հիմնական բանախօսը՝ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիր և Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայոց լեզուի բաժանմունքի վարիչ Տիար Հրաչ Սեփեթճեանը, որ մանրամասն վերլուծեց մենագրութեան արժանիքները, պատմութիւնը, բերած նպաստը հայ դպրոցի ուսումնասիրութեան ոլորտին։

Երեկոն հայ բանաստեղծութեան գոհարների (Թէքէեան, Որբերեան, Խրախունի, Կապուտիկեան և այլ) իր ուրոյն կատարումներով ծաղկեցրեց Յովնան Սրբազանի հրաւէրով Ստամբուլից ժամանած՝ «ասմունքի իշխանուհի» պատուանունը ստացած Սիլվա Կոմիկեանը, որ յուզումնալի պահեր պարգևեց ներկաներին։

Շնորհանդէսն ամփոփուեց Արևմտեան թեմի Առաջնորդի օրհնութեան խօսքով։ Յիրաւի, Հոկտեմբեր 8-ին, ի դէմս Միացեալ Նահանգաց Արևմտեան թեմի և Առաջնորդ Սրբազան Հօր, Հայ եկեղեցու հովանու ներքոյ էին մէկտեղուել հոգևոր, գիտական, կրթական ոլորտները, և այդ բարձր մթնոլորտը թևածում էր ողջ օրը, որ մեծ լիցքեր հաղորդեց հոգևորականներին, զեկուցողներին և բոլոր ներկաներին։

 

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement