Թեմեր և Պատվիրակություններ

Կրոնական առաջնորդների ընդունելություն Ավստրիայի կանցլերի մոտ

Սեպտեմբերի 10-ին Ավստրիայի հանրապետության կանցլեր Բրիգիտե Բիրլայնն ընդունեց Ավստրիայում պաշտոնապես ճանաչված եկեղեցիների ու կրոնական համայնքների առաջնորդներին: Հանդիպմանը կանցլերը կարևորեց եկեղեցիների ու կրոնական համայնքների դերը հանրային կյանքում՝ բարձր գնահատելով նրանց կրոնական-հասարակական գործունեությունը և պետության հետ կառուցողական համագործակցությունը:

Պաշտոնական ընդունելությանը ներկա գտնվեց նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը: Հանդիպման շրջանակներում Սրբազան Հայրն առանձնազրույց ունեցավ կանցլեր Բրիգիտե Բիրլայնի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգի հետ:

Հանուն Հայ Եկեղեցու Տիրան Սրբազանը փոխանցեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքներն ու օրհնություններն առաջիկայում երկրում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց պետական գործիչներին՝ Ավստրիայի հայ համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Սրբազան Հոր հրավերին ընդառաջ՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարար տիար Ա. Շալլենբերգը խոստացավ մոտակա շաբաթների ընթացքում այցելել Վիեննայի առաջնորդանիստ Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցի, մասնակցել պատարագին և տեղում ավելի մոտիկից ծանոթանալ հայ համայնքի ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին:

Place for supporters
& advertisement