Թեմեր և Պատվիրակություններ

Հանդիպում Լեհաստանի նախագահի աշխատակազմի մշակույթի հարցերով պետքարտուղարի հետ

Հունվարի 8-ին Լեհահայոց նորանշանակ Հոգևոր Հովիվ Հոգեշնորհ Տ. Տարոն Վարդապետ Ղուլիկյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Լեհաստանի նախագահի աշխատակազմի մշակույթի հարցերով Պետքարտուղար Վոյչեխ Կոլարսկու հետ:

Բարեողջույնի խոսքերից հետո Պետքարտուղարը նախ շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին՝ այցելության համար, ապա ծավալվեց մտերմիկ զրույց, հընթացս որի քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնք առնչվում էին Լեհահայոց համայնքին և Լեհաստանում բնակություն հաստատած հայերին ընդհանրապես:

Փոխադարձելով Տիար Վոյչեխ Կոլարսկուն՝ Հայր Սուրբը նախ շնորհակալություն հայտնեց իրեն հյուրընկալելու համար, այնուհետև, շարունակելով խոսքը, կիսվեց Լեհաստանի մասին իր տպավորություններով, որոնք գերազանցել են սպասելիքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ կատարվեց լեհ և հայ ժողովուրդների բարեկամությանը, ինչպես նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությանը պետական կառուցողական գործընթացներին, որոնք նույնքան նշանակալից են եղել թե՛ նախկինում և թե՛ այժմ:

Խոսվեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու մասին, արձանագրվեց այն փաստը, որ հայ առաքելական համայնքը չունի սեփական աղոթատուն՝ եկեղեցի, ուր կկարողանար հետևել հարազատ Եկեղեցու ծեսերին ու սրբազան արարողակարգերին: Ցանկալի է, որ, հայեցի նկարագիրը պահպանելու համար, հայրենիքից հեռու բնակվող և Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հայն ունենա, հայկական եկեղեցաշինությանը բնորոշ ճարտարապետական լուծումներով կառուցված, եկեղեցի՝ իր համար երկրորդ հայրենիք դարձած Վարշավայում:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Երկուստեք խոստացվեց, որ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա:

Լեհահայոց հովվության մամլո դիվան

Place for supporters
& advertisement