Թեմեր և Պատվիրակություններ

Հովհաննես Այվազովսկու հետնորդները` Մոսկվայի հայկական եկեղեցում

Հուլիսի 25-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում  Տ. Եզրաս արք.Ներսիսյանն ընդունեց Հովհաննես Այվազովսկու հետնորդներին, ովքեր ապրում են Ավստրալիայում և ՌԴ են ժամանել մեծանուն նկարչի ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Սրբազան հայրը հյուրերին ուղեկցեց Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ մոմ վառեցին և ծանոթացան Հայ Եկեղեցու պատմությանը:Եզրաս Սրբազանն առանձնակի ջերմությամբ ցույց տվեց իր աշխատասենյակում պահվող Հ.Այվազովսկու բնանկարը` նշելով, որ աշխարհահռչակ ծովանկարիչը եղել է մեծ հայասեր և հայկական թեմաներով բազում կտավներ ունի:

<<Իմ ծնողներն ասում էին, որ մենք Այվազովսկու հետնորդներն ենք, ես, անշուշտ, պարծենում էի այդ փաստով, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը:Միայն վերջին տարիներին եմ սկսել իմ արմատներով հետաքրքրվել:Հայկական մշակույթի և ընդհանրապես հայերի հետ առաջին անգամ եմ շփվում:Դա եղավ այստեղ` Մոսկվայի հայկական եկեղեցում:Ես շատ ուրախ եմ, որ բացահայտում եմ մի աշխարհ, որի հետ կապված եմ գենետիկորեն, և որի շնորհիվ պիտի դառնամ իմ արմատները>>,- հանդիպման ժամանակ իր տպավորություններով կիսվեց Անդրեյ Միլլերը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 28-ից 30-ը Թեոդոսյում սկսվում են Մեծ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնց Ղրիմի հանրապաետության նախագահ  Սերգեյ Ակսյոնովի հրավերով մասնակցելու է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Առաջնորդ Տ.Եզրաս արք.Ներսիսյանը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Place for supporters
& advertisement