Թեմեր և Պատվիրակություններ

Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց հոբելյանական 30-րդ բնակարանը

Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ օրերս տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 30-րդ բնակարանի հանձնման արարողությունը:

Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ բնակարանը գնվեց Բելգիայում բնակվող պոլսահայ Ալին Հասերի կողմից, ով ի հիշատակ իր լուսահոգի հոր Զավեն Հասերի նվիրաբերեց երկհարկանի տունը Սպիտակի շրջանի Արջուտ համայնքի բնակիչ Գագիկ Սարգսյանի ընտանիքին:
Սարգսյանների 9 հոգանոց բազմանդամ ընտանիքը չունենալով սեփական կացարան բնակություն էր հաստատել Արջուտ գյուղի անտառամերձ տարածքում: Ինքնաշեն թիթեղյա, խոնավ և մութ տնակում՝ զուրկ կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից, ընտանիքը մեծացնում էր վեց անչափահաս երեխաների: Ընտանիքի 43 ամյա հոր աշխատավարձից և նպաստից գոյացած եկամուտը հազիվ օրվա հացի խնդիր է լուծում կնոջ, երեխաների և 72-ամյա մոր համար:

«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրում ընդգրկված այս ընտանիքին՝ թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանը՝ հանձնախմբի հետ համախորհուրդ, որոշեց ապահովել նրանց սեփական օթևանով։

Արջուտ համայնքի 29-րդ փողոց, 16 հասցեի առանձնատունը, որ հրդհվել էր դեռևս 10 տարի առաջ գնվեց, վերանորոգվեց՝ և կահավորվեց մասնավորապես պատշգամբն ու կից հյուրասենյակը ամբողջությամբ հարդարվեց, որոնք մեծապես տուժել էին հրեհից: Տեղադրվեց նոր պատուհաններ և դռներ, մասնակի վերանորոգվեց տանիքը:

Սրբազան Հոր օրհնությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Գրիգոր Նարեկացի Առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն: Այս նշանակալի օրը ընտանիքին շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ,«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Տեր Վահան քահանա Ազարյանը, Հռիփսիմե Միրզոյանը, Արևիկ Եղիզարյանը, Ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանը, «Առավոտ» ԲՀԿ նախագահ Մարգարիտա Շահվերդյանը: Ներկա էին նաև Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը, Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոբյանը, ուսուցիչները, երեխաների դասընկերները և ընտանիքի հարազատները:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քաղցրավենիքներ նվիրեց երեխաներին և խոստացավ նվիրված տունը գազաֆիկացնել:

Սրբազան Հայրը, տնօրհնեքի ժամանակ, ընտանիքին հանձնեց բնակարանի սեփականության վկայականը և օրհնված խաչը:

Օգտվելով առիթից կրկին տեղեկացնում ենք մեր ազգաբնակչությանը առ այն, որ Գուգարաց թեմի առաջնորդությունը, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ հատկացնելու որևէ պարտավորություն չունի: Հայտնում ենք, որ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հատկացված բնակարանները գնվել են առաջնորդ Սրբազանի կամավոր հանձնառությամբ և Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, Գերմանիայից և Ռուսաստանից անմիջական մտերիմ բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվությամբ՝ իբրև խղճի պարտք:

Վանաձորաբնակ ազգաբնակչության հանգանակությամբ նախորդ երկու տարիներին գնվել են միայն վանաձորաբնակ Սամվել Քալաշյանի, Նունե Ղազախեցյանի և Մելսիդա Փարսադանյանի բնակարանները»:

Place for supporters
& advertisement