Թեմեր և Պատվիրակություններ

Նոր եկեղեցի Նիդերլանդական թագավորությունում

Ապրիլի 14 ին Հոլանդայի մէջ կայացած Ծաղկազարդի տօնը արժևորուեցաւ ևս մէկ
ուրախալի իրադարձութեամբ:
  Օրերս Հոլանդիայի Դեն Բոս քաղաքի հայ համայնքի և տեղի հոգևոր հովիւ` Տէր
Արմէն քահանայի նախաձեռնութեամբ և պայմանաւորուածութեամբ ձեռք բերուեցաւ
հրաշակերտ Սուրբ Կատարինէ եկեղեցին` հետ այսու գործածուելու որպէս Հայ
Առաքելական եկեղեցւոյ հոգևոր կենտրոն:
Կարճ ժամանակուան մը մէջ եկեղեցասէր համայնքի ու հովիւի ջանքերուն շնորհիւ
կատարուեցան նախապատրաստական աշխատանքները և ահա Ծաղկազարդի տօնին` որը կը
խորհրդանշէ  Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղեմ, հոլանդահայ
համայնքը մուտք գործեց ՍԲ. Կատարինէ եկեղեցի, վայելելու Սուրբ Պատարագը`
Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի ձեռամբ, որը Արևմտեան Եւրոպայի
Հայրապետական պատուիրակն է:
Նա Վատիկանէն յատուկ ժամանած էր մասնակցելու տօնին և իր հայրական պատգամը
փոխանցելու հայ համայնքին` անոնց հետ կիսելով իրենց ուրախութիւնն ու
խնդութիւնը: Արժանապատիւ Տէր Արմէն քահանան, որը կը սպասաւորէր, Սրբազան
Հորը արարողութեան ժամանակ, ներկայացուց եկեղեցւոյ մէջ ծառայող երեք
երիտասարդներ`(Պարունակ, Համբիկ և Առաքել անուններով), որոնք Պատարագի
ընթացքին Խաժակ Սրբազանի ձեռքով ստացան դպրութեան աստիճան:
  Ուշագրաւ էր նաև երգեցողութիւնը: Իրենց հոգեթով շարականներով Պատարագն
առաւել աղօթական կը դարձնէր երգչախումբը, որը սիրով մասնակցելու էր եկած
Արնեմ քաղաքէն: Լեփ լեցուն էր եկեղեցին աւելի քան 500 հաւատացեալներով:
Ուրախ էին բոլորը Յաղթական Տօնին, նոր եկեղեցի ունենալու, ինչպէս նաև երեք
երիտասարդներու ձեռնադրութեան առթիւ:
Գաղտնիք չէ, որ սփիւռքի մէջ բնակող հայ համայնքին միաբան կը պահէ հայ
եկեղեցին և հայ դպրոցը , որտեղ կարող են կենդանի շփումներու միջոցով առաւել
զօրացնել իրենց հաւատքը և համայնքային կեանքը իրենց հոգևոր հովիւի
գլխաւորութեամբ:
Տօնական արարողութիւններուն կը մասնակցէին նաև Ուրարտու համայնքի
ներկայացուցիչները, Ալմելոէն` ներկայացուցիչներ, Էնդհովենէն և Հոլանդիայի
այլ քաղաքներէն: Միջոցառմանը մասնակցելու էին եկած նաև հարակից քաղաքներէն
բազում հաւատացեալները նոյնպէս:
  Եկեղեցւոյ մուտքը սկսաւ գեղեցիկ արարողութեամբ, որը կը կոչուի
«Դռնբացէք»: Արարողութեան ժամանակ Սրբազան Հայրը հաւատացեալներուն հետ
միասին երգեցին «Բաց մեզ Տէր» հոգեթով շարականը, որմէ ետք բացուեցաւ
եկեղեցւոյ դռները և հաւատացեալները Սրբազան Հոր և Տէր Արմէն քահանայի
գլխաւորութեամբ ներս մտան` կտրելով մուտքի ժապաւէնը, և Հրաշափառով սկսաւ
Պատարագը: Նշանաւոր էր օրը և լի էր բազում օրհնութիւններով: Գեղեցիկ
արարողութեամբ կատարուեցաւ նաև ձիթենիի ճիւղերի օրհնութիւն, որը իրենց հետ
տուն տարին հաւատացեալները:
Օրուան պատգամը փոխանցելով, Արևմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակը իր
գոհունակութիւնը յայտնեց հաւատացեալներու բազմութիւնը եկեղեցւոյ մէջ
տեսնելու և Տէր Արմէնին` աշխատանքները հաւուր պատշաճի կազմակերպելու համար:
Ուրախալի է, երբ հոտն ու հովիւը միախառնուած են Աւետարանական պատգամներու
շուրջ և միաբանուած աղօթք կը բարձրացնեն Բարձրեալն Աստծոյ ստեղծուած
հնարաւորութեան համար: յատկանշական էր, որ Սրբազան Հօրը ներկայացնելէ առաջ,
Տէր Արմէն քահանան իր մտահոգութիւնը և ներողամտութիւնը յայտնեց համայնքին`
եկեղեցւոյ սառնութեան համար, յիշեցնելով, որ տակաւին աշխատանքներ կան
ընելու, սակայն հաւաստիացուց, որ արտաքին սառնութիւնը իրենց չխանգարեց,
քանի որ իրենց հոգիներն են ջերմացած Պատարագի աղօթքներով:
  Պատարագի աւարտին երգչախումբը երգեց հայրապետական օրհներգը, մաղթելով Հայ
եկեղեցւոյ  անսասանութիւնն ու երկար օրեր Հայոց Հայրապետին. Լիայոյս ենք,
որ այսուհետև Սուրբ Կատարինէ եկեղեցին իր մայրական ջերմ գրկին մէջ կընդունի
բազում աղօթող հաւատացեալներու:
Սրբազան Հայրը Պատարագի աւարտին այցելեց նաև Դեն Բոսի Կաթոլիկ եպիսկոպոսը`
իր երախտագիտութեան խօսքը յայտնելու անոր պատրաստակամութեան համար, ինչին
շնորհիւ հայ համայնքը կրցաւ ձեռք բերել իր սեփական եկեղեցին: Հայրապետական
Պատուիրակը բարձր գնահատելով եպիսկոպոսի միջամտութիւնը եկեղեցւոյ
ձեռքբերման հարցով, փոխադարձ համագործութեան համար զինք հրաւիրեց  Վատիկան:
Place for supporters
& advertisement