Թեմեր և Պատվիրակություններ

Շարունակուում են Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի այցելութիւնները թեմեր

Շարունակուում են ԱՄՆ Արևմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի այցելութիւնները թեմեր՝ կապուած Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգութեան նուիրահաւաքի աշխատանքները կազմակերպելու հետ։

Նուիրահաւաքի յանձնախումբի ատենապետ Յովնան Սրբազանի այցելութեան նոր հանգրուանը Աւստրալիոյ և Նոր Զելանդիայի թեմն է՝ հիւրընկալութեամբ թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Հայկազուն Արք. Նաջարեանի։ Յագեցած եռօրեայ այցելութեան առաջին օրը՝ Փետրուարի 28-ին Սրբազանն այցելեց Սիդնեյի Համազգայինի Galstаun College ամէնօրեայ վարժարան և Հ.Բ.Ը. Միութեան Ալեքսանդր վարժարան՝ գլխաւորութեամբ թեմի Հայկազուն Արք.-ի և ընկերակցութեամբ Տ. Աւետիս Քհնյ. Համբարձումեանի ու թեմական խորհուրդի Ատենապետ Տիար Սարգիս Տէր Պետրոսեանի։ Երկու դպրոցների մէջ ցուցադրուեցին «Շողակաթ» հեռուստատեսութեան պատրաստած տեսերիզներ, որոնք ուղեկցուեցին Յովնան Սրբազանի բացատրական խօսքով՝ նուիրուած Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման ծրագրին։

Դպրոցներ այցելութիւնից առաջ Հայկազուն Արք.-ը առաջնորդեց Յովնան Սրբազանին Ոսկեայ տարիքի մեծահասակների հետ հանդիպման, ուր  հարիւրի հասնող տարէց մայրեր ու հայրեր հաղորդ դարձան Յովնան Արք.-ի Պատգամին։

Նոյն օրը՝ Փետրուարի 28-ի երեկոյեան Յովնան Սրբազանը մասնակցեց հսկման արարողութեան և ժողովրդական հանդիպման Առաջնորդանիստ Ս. Յարութիւն Հայց. Եկեղեցւոյ մէջ, որի ընթացքում ներկայացրեց Ս. Էջմիածնի նորոգութեանը նուիրուած Շողակաթ հեռուտատեսութեան պատրաստած ֆիլմը։ Իր խօսքը Յովնան Արք. զարգացրեց հետևեալ բովանդակութեամբ՝ «Ս. Էջմիածինը մեր ինքնութիւնը խորհրդանշող Սրբութիւն Սրբոցն է»։ Իր խօսքում նա մասնաւորաբար ասաց.

«Արդարև, դարերով մեր հայրերը անթիւ մաղթանքներ ու խորհրդածութիւններ են ձօնած Ս. Էջմիածնին։ Եւ անկասկած, Ս. Էջմիածինը իր մէջ ծնած է ու սնած մեր ժողովուրդը քրիստոնէական հաւատքով ու ազգային-հայրենասիրական ոգով։ Մեր հայրերի նկարագրին ամէնէն հիմնական որոշիչները մենք ստացած ենք Ս. Էջմիածնէն։ Ս. Էջմիածինը մեր աղօթքի առաջին տունն է, որուն մէջ կը տեսնենք Լուսաւորչի տեսիլքը՝ Միածին Որդոյն այցը հայրենի հող։ Ս. Էջմիածնի խորանը ս. հաղորդութիւն է բաշխած և՛ Վարդանանց, և՛ Սարդարապատի քաջարի զինուորներուն, որպէսզի հայրենիքը պահեն իրենց արեան գնով։ Ս. Էջմիածինը հոգու ծննդվայրն է Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Պարթևի, որոնք ունեցան տեսիլքը Աստուածաշունչի թարգմանութեան և ստեղծեցին գիր և գրականութիւն։

Այսօր Ս. Էջմիածինը, իր 1700-ամեայ դարաւոր պատմութեամբ, կը կանչէ իր զաւակները, որպէսզի վերանորոգեն իր սրբաշունչ պատերը՝ իր հիմքերով, սերունդներուն փոխանցելու համար մեզ բոլորիս մէկ ընտանիքի վերածող Ս. միւռոնի օրհնութեան լուսոյ խորանը։

Եկած ենք Ձեր աղօթքը խնդրելու, Ձեզ մասնակից դարձնելու Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վեանորոգութեան սրբազան ու նուիրական առաքելութեան, որպէսզի օրին Դուք ևս հաստատօրէն ու բարձրաձայն յայտարարէք՝ ըսելով. «Ես ալ քար մը դրի»։

Այցելութեան յետագայ օրերին՝ Փետրուարի 29-ին նախատեսուած են Յովնան Արք. տեսակցութիւնը Աւստրալիոյ հայկական կազմակերպութեանց ներկայացուցիչների և Ս. Էջմիածնի բարերարների հետ, իսկ Կիրակի՝ Մարտի 1-ին Չացուուտի Սբ. Յարութիւն եկեղեցում Ս. Պատարագին իր քարոզը պիտի ներկայացնի հաւատացեալ հայորդիներին, որից անմիջապէս յետոյ Սբ. Յարութեան շրջափակից ներս նախատեսուած է հանդիպում ժողովրդի հետ։ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեան առիթով իր հայրական կոչը իր ժողովրդին է յղել նաև Գերշ. Տ. Հայկազուն Արքեպիսկոպոսը, որ կը ներկայացնենք հայերէն ու անգլերէն լեզուներով։

 

Դիւան Առաջնորդարանի

Place for supporters
& advertisement