Թեմեր և Պատվիրակություններ

Պարգևատրվեցին լավագույն զինվորականները

Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրեց մարտական հերթափոխի ընթացքում ծառայությամբ աչքի ընկած լավագույն զինվորներին: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Պարգևատրվողների ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինծառայողներ:

Արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:

Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Ս. Սարգսի տոնի առթիվ՝ մասնավորաբար ասելով.

«Սիրելի՛ք,

Այսօր արագահաս Սուրբ Սարգսի տոնն է, ով առ Քրիստոս ունեցած հավատքով  արժանացավ հավիտենական կյանքին և մարտիրոսության պսակին: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակված է երիտասարդների օրհնության օր:

Սիրելի՛ զորականներ, քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ձեր խոնարհումը և հաղորդակցությունը բերեցիք Սուրբ Զորավարի մասունքին, զորացաք հոգևոր նորոգությամբ և ուխտեցիք   հավատարմորեն ծառայել Աստծուն, Հայրենիքին և ազգին: Այսօր ևս մեկ անգամ սրբի անձնուրացությունը և նահատակությունը ձեզ համար դարձան մշտանորոգ ներշնչանքի աղբյուր, որ խթանն է արիության և հաղթանակների: Սիրելինե՛ր, դուք հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորներ եք, և Աստված ձեզ զորակից ու մարտակից է այդ սրբազան գործում: Մենք հպարտանում ենք ձեզանով, քանզի հիանում ենք ձեր հայրենասիրությամբ: Այսօր սուրբ առաքյալի պատգամն ենք հղում ամենքիդ. «Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ…., առե՛ք Աստծո սպառազինությունը…, հաստատուն կացե՛ք՝ տեղում պինդ կանգնած, հագե՛ք արդարության զրահը…, և այս բոլորի վրա հագե՛ք հավատքի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» (Եփեսացիս Զ  10-16): Հագե՛ք վահանն անկոտրո՛ւն հավատքի, որ դարձել է «ոչ թե մեր մարմնի վրա եղած հագուստի, այլ մեր մաշկի անփոփոխ գույնը»:

Մեր մաղթանքն է, որ Ամենազոր Աստված խաղաղ և անխախտ պահի հայոց սահմանները: Տերը թող  լինի ձեզ պահապան, զորակից և մարտակից, պարգևի անսասան հավատք և ուժականություն՝ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Ամեն»:

Պարգևատրվող զինվորներից շարքային Եփրեմ Մանուկյանը իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին՝ իր խոսքում մասնավորաբար ասելով. «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրելու: Եվ չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր հատվածը էլ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց՝ մեր զոհված ընկերների կյանքի գնով: Խոստովանում եմ, իրականում չեմ պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացնում զինվորական ծառայությունը: Իսկ երբ դարձա հայոց հաղթանակած բանակի զինվոր, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին, և ես պարզապես իրավունք չունեմ վախկոտ լինելու:

Հարգելի՛ ներկաներ, հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ծառայակից ընկերներիս անունից խոսք եմ տալիս, ազնվորեն ծառայել իմ ժողովրդին, անհրաժեշտության դեպքում՝ կյանքս նվիրել հայրենիքիս պաշտպանությանը, ինչպես դա արեցին Մոնթեն ու Դուշման Վարդանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռոբերտ Աբաջանը, Արմենակ Ուրֆանյանը ու նման շատ-շատերը, որոնց արյան գնով ձեռք բերած անկախության ժառանգորդն ու պահպանողն ենք մենք: Սիրելի մայրեր, հանգիստ վայելեք Ձեր խաղաղ օրը, մեր սահմանները ամուր են, որովհետև դրանք ես եմ հսկում, ես ու ինձ նման հազարավոր տղաներ, որոնց համար հայ լինելը մեծագույն պատիվ է, իսկ սեփական ժողովրդին ծառայելը՝ կոչում: Համոզված եղեք մենք արժանի կլինենք այդ կոչմանը»:

Բոլոր ծնողների ու հատկապես՝ մայրերի անունից իր երախտագիտությունը հայտնեց զինվորներից մեկի մայրը՝ Հասմիկ Քառյանը.

«Սրբազան հայր, սիրելի զինվորներ, հարգելի ներկաներ,

Սուրբ Սարգիսը խիզախության, անձնազոհության խորհրդանիշ է մեր երիտասարդների համար, որոնցից շատերն այսօր բանակում են, և իրենց նվիրված ծառայությամբ ամուր են պահում հայրենի եզերքը:

Սուրբ Սարգիսը սիրո խորհրդանիշ է, իսկ սիրո ուժն անհաղթ է: Սիրով արված գործերը հզոր են և անբեկանելի: Ու մեր զինվորներն էլ առաջնորդվում են սերն առ Աստված, սերն առ Հայրենիք. սերն առ ժողովուրդ պատգամով: Սեր, որը մղում է սխրանքների:

Մեծ երջանկություն է մեր զինվոր զավակների հետ այս գեղեցիկ տոնը նշելը: Բոլոր ներկա գտնվող զինվորների մայրերի անունից ուզում եմ երախտիքի խոսք ասել Արարատյան Հայրապետական թեմին՝ այս հրաշալի առիթը մեզ ընձեռելու ու առաջնագծում իրենց ծառայությամբ աչքի ընկած մեր զինվոր զավակների՝ այսօր մեր կողքին գտնվելու համար:

Թույլ տվեք ներկաներիս անունից մեր խոնարհումն ու զորակցությունը հայտնել բոլոր որդեկորույս մայրերին, որոնց զավակները դարձան պատմություն ու իրենց անունները հավերժ գրանցեցին մեր հերոսների հուշամատյանում:

Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզնից, իրականություն դարձրու»:

Որպես զինվորի մայր՝ ես մի խնդրանք ունեմ միայն. թող խաղաղ լինի մեր հողը ու բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է: Թող օրհնված լինեն մեր բոլոր հայորդիները»:

Պաշտպանության նախարարության կողմից զինվորներին տրվեց արձակուրդ:

Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:

Աղբյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Place for supporters
& advertisement