Թեմեր և Պատվիրակություններ

Սերը պարտականություն չէ

Ապրիլի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցիների տիկնանց միությունը հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ այցելեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

Այցելուները շրջեցին հատուկ խնամքի տակ գտնվող ծերերի սենյակներում, նվերներ բաժանեցին և ունեցան հոգևոր զրույցներ:

Սա հոգատարության և սիրո դրսևորման մի քայլ է, որի կարիքն ունի յուրաքանչյուր մարդ՝ անկախ տարիքից:

– «Այցելություն ծերանոցներ» ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, – ասում է տիկնանց միության անդամ տիկին Ծովիկը և շարունակում. – մեր այցելության նպատակը ծերերին իրենց առօրյա միապաղաղ կյանքից կտրելն է: Սերը պարտականություն չէ: Այս մարդիկ մեր կարիքն ունեն, և մենք սիրով պիտի անենք այն, ինչ արեցինք այսօր:

Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը: Ինչո՞ւ երբեմն-երբեմն չավելացնել այդ լամպի լույսը:

– Նման այցելությունները ոչ միայն ծերերին են հարկավոր, այլև մեզ, – ասում է Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, – այսպիսի պահերին ես հասկանում, որ կյանքից բողոքելու փոխարեն կարևոր է ներել ու սիրել:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement