Թեմեր և Պատվիրակություններ

Սյունյաց թեմը՝ կորոնավիրուսի համավարակի առիթով

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՆԵՐԹԵՄԱՅԻՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ինչպես ՀՀ բազմաթիվ վայրերում, այնպես էլ Սյունիքի մարզում մեծ թվով ընտանիքներ կանգնած են հանապազօրյա հացի խնդրի առաջ։ Ուստի հաշվի առնելով վերոնշյալը և անտարբեր չլինելով ժողովրդի առաջ ծառացած խնդիրների հանդեպ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բազմաթիվ նվիրյալ անձինք սատար են կանգնել Սյունիքի մարզի բոլոր տարածաշրջաններում սոցիալապես անապահով կացության մեջ գտնվող 795 ընտանիքների՝ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում տրամադրելով պարենային օգնություն և թեթևացնելով նրանց նյութական հոգսը:

Մարզի առավել խոցելի և կարիքավոր ընտանիքներին օգնությունների բաշխումը հնարավոր է եղել կազմակերպել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ և թեմի քահանաների շնորհիվ, որոնք միևնույն ժամանակ ժողովրդին են փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները՝ հորդորելով՝ ջերմագին աղոթքով և զգոնությամբ փորձեն հաղթահարել առկա դժվարությունները։

Սյունյաց թեմը իր զորակցությունն է հայտնում մարզի բնակիչներին համավարակի դեմ մղվող պայքարում և վստահեցնում, որ մարզային մակարդակում ձեռնարկվող քայլերը շարունակական են լինելու:

Place for supporters
& advertisement