Գիտե՞ք, որ

Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա․․․

Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը: Ավետարանը ոչինչ չի ասում նրանց քանակի, ազգության և անունների մասին։

Որոշ եկեղեցական հայրեր և վարդապետներ (Օգոստինոս, Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Վանական վարդապետ և այլք) կարծում են, որ մոգերը 12-ն էին, մինչդեռ Որոգինեսն առաջին անգամ նշում է 3 թիվը՝ նկատի ունենալով Հիսուսին տրված համապատասխան նվերների քանակը։

Առավել ընդհանրացած եկեղեցական ավանդությունը նրանց անվանում է Մելքոն, Գասպար, Բաղդասար, որոնցից առաջինը պարսից աշխարհից էր, երկրորդը` հնդկաց, իսկ երրորդը` արաբացվոց: Նրանք մանկանը նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին խորհրդանշում էր Մանկան Թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը, այսինքն` սրանով երեք մոգերը խոստովանեցին, որ ծնված Մանուկն իրենց Թագավորն է, Աստվածը և Փրկիչը: Միջնադարում երեք մոգերին նույնացրել են նաև Նոյի երեք որդիների հետ, որոնց միջոցով բազմացավ ամբողջ մարդկությունը: Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց (առավել հին տարբերակում՝ Մոգք-մոգեր) աշխարհով, ուր հիվանդացել և մահացել է Գասպար մոգը։ Ավանդություններից մեկը նաև ասում է, որ այս մոգերը մկրտվել են Ս․ Թովմաս առաքյալի կողմից և հետագայում նահատակվել հանուն Քրիստոսի։

Նրանց մասունքները հայտնաբերել է Հեղինե թագուհին, որոնք Ե դարում Կ․ Պոլսից տեղափոխվել են Միլան և 1164 թվականից վերջնականապես հանգրվանել Քյոլնի տաճարում։ Իսկ մոգերի տված նվերները Ս․ Աստվածամայրը վերափոխումից առաջ հանձնել է Երուսաղեմի Եկեղեցուն, որոնք Արկադիոս կայսեր օրոք տարվել են Կ․ Պոլիս, իսկ 1470 թ․ Մուրադ Բ թուրք սուլթանի կին քրիստոնյա Մարիամը դրանք նվիրաբերել է Աթոս լեռան Ս․ Պողոս եկեղեցուն։

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան