Գիտե՞ք, որ

Գիտե՞ք, որ Մեծ պահքն ունի…

Մեծ պահքն ունի յոթ կիրակի, որոնք ունեն հատուկ և իմաստալից անուններ՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ։ Մեր Եկեղեցու հայրերն այդ կիրակիները վերոնշյալ անուններով են կոչել՝ հիմք ընդունելով աստվածաշնչյան յոթ պատմություն։

Բուն բարեկենդան

Մեծ պահքին նախորդող կիրակին կոչվում է «Բուն բարեկենդան», որովհետև բարեկենդանների մեջ ամենակարևորն է։
«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք, աշխարհիկ իմաստով` ուրախություն, խրախճանք, իսկ կրոնական իմաստով` երանական վիճակ` ի հիշատակ դրախտում առաջին մարդկանց երանելի կյանքի։

Արտաքսման կիրակի

Ադամն ու Եվան դրախտում երկար չմնացին և անհնազանդության պատճառով արտաքսվեցին դրախտից։ Սակայն մեզ՝ մեղավորներիս համար Քրիստոսով բացվեց փրկության ճանապարհը, և ապաշխարությամբ տրվեց կրկին դրախտային երանությանն արժանանալու հույսը։

Անառակի կիրակի (Ղուկ. ԺԵ 11-32)

«Անառակ որդու» առակը ետ դարձի ճանապարհն է ցույց տալիս: Մեր երկնավոր Հայրը սպասում բոլորին։ Հայրը զարմանալիորեն միշտ էլ բարեգութ է ու ողորմածաբար ընդունում է բոլոր զղջացողներին, քանի որ Նա մեղավորի մահը չի ցանկանում, այլ բոլորի փրկությունը։

Տնտեսի կիրակի (Ղուկ. ԺԶ 1-8)

Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում Աստծո կողմից նշանակված տնտես է, ուստի պիտի փորձի իմաստնաբար տնօրինել իր տնտեսությունը` կյանքը, միտքը, շնորհները, քաջ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տա Աստծուն այդ ամենի համար։
Տնտեսի կիրակիից հետո` Մեծ Պահքի քսանչորսերորդ օրը, կոչվում է Միջինք։ Այդ նշանակում է, որ Մեծ Պահքը հասել է իր կեսին։

Անիրավ դատավորի կիրակի (Ղուկ. ԺԸ 1-8)

«Անիրավ դատավորի» կիրակին աղոթքի մեջ հարատևելու խորհուրդն ունի, անձանձրույթ, առանց հուսահատվելու Աստծուն դիմելու` վստահ լինելով, որ Նա լսում է և կպատասխանի մեր աղոթքներին, եթե դրանք Իր կամքի համաձայն են։ Եթե հիշվող առակի դատավորը, որ անիրավ էր, ստիպված եղավ ականջալուր լինելու և տեղի տալու կնոջ թախանձանքներին, ուրեմն որքան առավել կլսի մեզ մեր երկնավոր Հայրը` մեր երկնավոր Դատավորը, Նա, Ով միշտ իրավացի է, արդար ու հավիտենապես բարի։

Գալստյան կիրակի

Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Գալստյան, որը հիշեցնում է Փրկչի թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ Գալուստները։ Առաջինով, այսինքն` Աստվածհայտնությամբ, մարդուն հնարավորություն տրվեց փրկությանն արժանանալու, քանդվեցին դժոխքի կապանքներն ու բացվեցին դրախտի դռները: Իսկ Երկրորդ Գալստյան հիշատակությամբ վերստին հիշում ենք, որ Քրիստոսը աշխարհի վախճանին «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին» («Հավատո հանգանակ»):

Ծաղկազարդ

Յոթերորդ կիրակի օրը նշվում է Ծաղկազարդի տոնը, որը հիշատակն է Տիրոջ` փառավորապես Երուսաղեմ մուտք գործելու` նստած էշի ու նրա քուռակի վրա, երբ ժողովուրդը` ծեր թե մանուկ, արմավենու ճյուղեր վերցնելով, գալիս է Տիրոջը դիմավորելու` շարունակ օրհնաբանելով Նրան որպես Իսրայելի թագավորի (Մատթ. ԻԱ 1-11, Ղուկ. ԺԹ 28-40, Հովհ. ԺԲ 12-19)։