Եկեղեցական Օրացույց

Բուն Բարեկենդան, Տեառնընդառաջ: Նորապսակների օրհնության օր

2021 -02-14

Փետրվարի 14-ը, ըստ Հայ Առաքելական Եկեղեցու այս տարվա օրացույցի, Բուն Բարեկենդանի կիրակին է:

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերին եւ մեծ պահքին նախընթաց օրը, որի ընթացքում թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. 19.7):  Բարեկենդան բառն ինքը նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

Բարեկենդանը հիշատակն է մարդկային երջանկության, որը վայելում էին Ադամն ու Եվան դրախտում: Այն նաև դրախտային փափկության օրինակն է, որով մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որ է խորհրդանիշը պահքի: Բարեկենդանը նշանն է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունների, որոնցով իսկ մարդիկ անցնում են սուգից դեպի ուրախություն, չարչարանքից` խաղաղություն: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահեցողությամբ և ողորմության հույսով է սկսում  Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը:

Տօն քառասնօրյա գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի տոնը հիշատակում է 40-օրյա Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և ստանում քահանայի օրհնությունն իր զավակի համար: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրյա Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ որ  նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրյա Հիսուսի ընծայումը տաճարին հաստատապես տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որն ավետում է  Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Եթե Տեառընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, այդուհանդերձ բացվում են եկեղեցիների ս. խորանների վարագույրները և մատուցվում է բաց պատարագ: