Եկեղեցական Օրացույց

Ծաղկազարդ: Մանուկների օրհնության օր:

2019 -04-14

Սուրբ Հարության տոնից` Զատիկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հիսուս մուտք է գործում Երուսաղեմ և արժանանում ժողովրդի փառավոր ընդունելությանը: Կատարվում է հինկտակարանյան մարգարեությունը, թե` «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Զաք. 9:9):

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր 4 ավետարանիչները, մանրամասնելով, թե ինչպես  ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը: «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):

Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:

Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջև կանգնելու և բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր:

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան» շարականի երգեցողության ներքո պահքի 40-օրյա շրջանից հետո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները` խորհրդանշելով Տիրոջ Երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը: