Եկեղեցական Օրացույց

Հիշատակության օր Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի

2019 -10-21

Ս. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց նա ներկա Ս. Ավետարանի էջերում: Ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է գալիս` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատեսը լինելով Հիսուսի հրաշափառ հարության` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր նրա մարմինը գողացել են իր աշակերտները: Ս. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից:

Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրիս վրա և Ս. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տե՛ս Մատթ. Ա 19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին, քանզի նրա մեջ ծնված Ս. Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի է կապվում իր նշանածին` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ մանուկ Հիսուս ծնվեց, նա օրենքի համաձայն թլփատեց նրան և քառասուն օրեկանում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ:
Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած իր աներեր հավատքով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել աստվածային պատվիրանները:

Ս. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, որն Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուս արդեն մահացել էր խաչի վրա, համարձակվում և մոտենում է Պիղատոսին` խնդրելով Տիրոջ մարմինը թաղելու համար: Նրա գերեզմանը ցույց է տրվում Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ` մի փոքրիկ մատրան մեջ, որ պատկանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:

Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ սիրով է լցված եղել նրանց նկատմամբ և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տալիս` ուրախացնելով նրա քույրերին:
Մարթան ավագ քույրն էր` գործունյա և աշխատասեր, իսկ Մարիամը` Աստծո խոսքն ունկնդրելուն նվիրված բարեպաշտ մի հավատացյալ: Եղբոր հարությունից հետո, Մարիամը թանկարժեղ յուղով օծում է Քրիստոսի մարմինը: Ըստ Ավանդության` նրանք մեկնում են Կիպրոս, ուր հետագայում և կնքում են իրենց մահկանացուն:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի հիշատակը տոնում է Ս. Խաչի Զ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: