Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրատիոս զինվորի

2017 -06-19

Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2։16-18)։ «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելքցի մոգերի լուրը խռովում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին։ Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և նրա սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին։ Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար։ Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը։

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատքի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի՝ Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զորականի անունները։

Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք։ Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին։

Ծնունդով բյուզանդացի Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի։ Իբրև քրիստոնեության նվիրյալ քարոզիչ, ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից։ Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր և դատապարտվել է գլխատման։ Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի։

Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը։ Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատքի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների՝ օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին։ Անսասան իր հավատքին, Կոտրիատիոսը ևս գլխատվել է։