Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Կոստանդնուպոլսի ս. ժողովի 150 հայրապետների (381թ.)

2019 -03-02

Ընդհանրական Եկեղեցու առջև իր պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381թ. Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:

Արիոսական վեճերի արդյունքում ասպարեզում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:

Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը: