Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների

2020 -08-08

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ամբողջական կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատքի ուղղափառության հաստատման ու տարածման՝ ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Աթանասը /295-373թթ./ ծնվել է Ալեքսանդրիայում՝ հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն է ստացել հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում։ Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար՝ մասնակցել է Նիկիայի 325թ. տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը՝ նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության՝ Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծու հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծու մարդացման պարագային: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:

Եփեսոսի տիեզերական ժողովը տեղի է ունեցել 431 թ. Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային: Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա  անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին:

Եփեսոսի ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը՝ որպես ուղղափառ դավանություն, համաձայն որի Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա  ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը:

Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

Հայ Եկեղեցին Եփեսոսի ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: