Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ղարզարոսի հարության

2019 -04-13

Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր, Մարիամի և Մարթայի եղբայրը, որ մահանում է հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս` ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը:

Ավետարանի` Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը մի գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց… »: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»:

Քրիստոսի արտասվելը` բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև հետագայում ննջեցյալների համընդհանուր հարությունը: