Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ոսկյանց քահանաների

2021 -02-04

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս առաքյալին և, նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաև քահանա:

Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում:  Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց  Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Վերջիններս իրենց գլխավորի` Սուքիասի անունով  հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:

Ոսկյանները Հայ Եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, և կամ` Սուքիասյանց տոնի հետ միասին: