Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Աբրահամի և Խորենի, բժիշկներ Կոզմայի, Դամիանոսի և Աստվածատուր վկայի

2021 -11-18

Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում՝ իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը՝ խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Ս. Կոզման և Դամիանոսը, որոնք նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են Գ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր շնչի ներքո և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են՝ տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում՝ գլխատվելով 285 թ.:

Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, որ Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը, հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում՝ Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով: