Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Աթանաս և Կյուրեղ հայրապետների

2020 -01-25

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ամբողջական կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատքի ուղղափառության հաստատման ու տարածման՝ ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Աթանասը /295-373թթ./ ծնվել է Ալեքսանդրիայում՝ հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն է ստացել հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում։ Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար՝ մասնակցել է Նիկիայի 325թ. տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը՝ նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության՝ Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծու հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծու մարդացման պարագային: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:

Ս. Աթանասը, 328թ. բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը։ Ենթարկվելով հալածանքների՝ իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո՝ Կ. Պոլսի 381 թ. տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը:

Մեծագույն է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետը Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թ., եղբորորդին է Թեոփիլոս պատրիարքի, որին հաջորդել է 412 թ.:   Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թ.  Եփեսոսում հրավիրեց երրորդ Տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորը և իր ուսմունքը դատապարտվեցին, իսկ Մարիամի համար ընդունվեց «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը՝ «Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու՝ Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետները Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի 12 համաքրիստոնեական մեծագույն վարդապետներից են, և նրանց հիշատակը տարվա մեջ տոնվում է 2 անգամ՝ Վարդավառին հաջորդող չորրորդ շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին՝ 12 վարդապետների շարքում: