Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Անդրե զորավարի և նրա բանակի, Կալինիկոս և Դոմետիոս վկաների

2017 -09-04

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական՝  ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում՝ միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա:

Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով եւ վերադարձնելով բանակին մարտադաշտ՝ հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին:

Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր, ով իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց եւ տաժանակիր չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվեց:

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ՝ նա շրջում էր զանազան կողմերում եւ կարոտյալ հիվանդներին բժշկում թե¢ իր մասնագիտական գիտելիքներով և թե¢ իր հավատքի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա՝ դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի՝ նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու եւ ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին: