Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Անդրե զորավարի և նրա բանակի, Կալինիկոս և Դոմետիոս վկաների

2020 -01-28

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման և ծաղկման: Նա Կիլիկիայից էր և ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական՝  ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում՝ միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա:

Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ՝ հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում և Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին:

Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր, ով իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց և հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվեց:

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ՝ նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում թե¢ իր մասնագիտական գիտելիքներով և թե¢ իր հավատքի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա՝ դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի՝ նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր և բարեսեր հոգին: