Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի

2020 -10-17

Ս. Մատթեոս առաքյալ-ավետարանիչը կոչվում էր նաև Ղևի: Ապրում էր Կափառնայում քաղաքում, հետևում է Քրիստոսին` անսալով Տիրոջ ձայնին: Մատթեոսը, լինելով հարկահավաք, դարձի է գալիս և իր ունեցվածքը բաժանում աղքատներին: Քարոզել է Պաղեստինում 8 տարի և գրել իր անունով հայտնի Ավետարանը:

Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբասի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունն առաքյալների աղոթավայրն էր Երուսաղեմում: Կարծվում է, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքը կատարեց, իսկ Հոգեգալստին քրիստոնեական եկեղեցին հիմնադրվեց: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքն է քարոզել Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Հիմնադիրն է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու:

Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն մասնագիտությամբ բժիշկ է եղել: Լսելով Քրիստոսի քարոզության մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է Գործք Առաքելոցը: Ըստ հին ավանդության նահատակվել Թեբայում:

Ս. Հովհաննես առաքյալ-ավետարանիչը Քրիստոսի սիրելի աշակերտն էր: Սկզբում Հովհաննես Մկրտչի աշակերտն էր: Ս. Աստվածամոր Վերափոխումից հետո գալիս է Եփեսոս և քարոզում է Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում և աքսորվում Պատմոս կղզի, որտեղ գրում է «Հայտնությունը»: Առաքյալներից միակն է, որ մահանում է բնական մահով 105 տարեկան հասակում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող շաբաթ օրը: