Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ատոմյանց զորավարների

2021 -02-01

Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ Հազկերտը հալածանք է սկսում Պարսկաստանի մեջ ծավալվող քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, դեպի հայրենիք ետդարձի ճանապարհն են բռնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի  լեռնաբնակ  ճգնակյացի սուրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, հանձնառու են լինում կամավոր նահատակության: Պարսից զորքը, հասնելով հայոց գնդին, շրջապատում է այն և սրախողխող անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սուրբերին: Իսկ Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք, որտեղ և բարի խոստովանությամբ կրկին ընդունում է մարտիրոսական մահը 449թ.:

Հայ Եկեղեցում Ս. Ատոմյանց հիշատակության օրը մշտապես նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող երկրորդ շաբաթվա երկուշաբթի օրը և առիթն է ընծայում յուրաքանչյուր քրիստոնյայի` հետևելով Ատոմյանց օրինակին, Տիրոջ խոստովանությամբ և աղոթասացությամբ հանձնառու լինել բոլոր տեսակի դժվարությունների: