Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի

2020 -08-01

Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր իսկ հոր կողմից՝ դառնալով նրա գործակիցը: 325թ. մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ:

Սպանվել է 333թ. Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար, և թաղվել  Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր։ Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին:

Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատքը: Այդ պատճառով Վրթանես հայրապետը ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում՝ հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար:

Վրթանեսը վախճանվել է 341թ. և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում՝ Լուսավորչի նշխարների  մոտ:

Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատաակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինը իր սարկավագների ձեռքով   ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489թ. Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Սուրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին:

Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու զավակ՝ Պապ և Աթանագինե: 341թ. ընտրվում է կաթողիկոս:

Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ուզում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը կախել եկեղեցում, նրա իսկ հրամանով 347թ. բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում:

Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ միայնակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու:

Արքայի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է նրան՝ մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար և արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները՝ Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:

Ս. Գրիգոր Լուսավորչի և նրա որդիների տոնը միասնաբար Հայ Եկեղեցին նշում է Վարդավառի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։