Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Գրիգոր Սքանչելագործի, Նիկողայոս Հայրապետի և Մյուռոն եպիսկոպոսի

2021 -11-27

Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թ.: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր  համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսում են ստանում Աթենքում, ապա՝ Պաղեստինյան Կեսարիայում՝ աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին՝ Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին՝ ընդհամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին:

Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե՛ իրեն վստահված թեմն ու ժողովրդին և թե՛ եղավ մեծ մատենագիր՝ թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր:

Նա վախճանվել է 270 թ. խաղաղ մահվամբ:

Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326թ.: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:

Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թ.: Նա մեծ հրաշագործ էր՝ հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին՝ ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն՝ 100 տարեկան հասակում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Գրիգոր Սքանչելագործի, Նիկողայոս Հայրապետի և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ժ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: