Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց

2020 -01-20

Ս. Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան։

379թ. նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսը առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին։ Ուղղափառ հավատքի զորացման համար կարևոր քայլ է դառնում 381թ. նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը։

Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը։ Երբ Միլանի եպիսկոպոսը ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո է ոտք դնում Աստծո տաճար։

Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը։ Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատքը։ Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսեր կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում։ Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի շարունակ և արթնանում միայն 389թ.՝ Թեոդոս բարեպաշտ կայսեր օրոք։ Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիները մեծագույն պատիվներով են դիմավորում հալածյալ քրիստոնյաներին։ Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ՝ հավերժական քնով։ Նրանք թաղվում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի։