Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի և վկաներ Գորդիոսի, Պողիքտոսի և Գրիգորիսի

2020 -01-21

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները հասնում են նաև Տարսոն: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր՝ տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր իր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսը, գլուխը խփելով քարին, վնասում է իրեն ու հոգին ավանդում՝ խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ՝ չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305թ.: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների՝ նա քաշվում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձեռբակալում են և ստիպում, որ կուռքերին զոհեր մատուցի: Սակայն Սուրբն անդրդվելի է մնում իր հավատի վրա: Բազում չարչարանքներից հետո նա ավանդում է իր հոգին 320թ.: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեական հավատը: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև՝ պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է՝ արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թ.:

Գրիգորիսը նահատակվել է 549 թ. Դենշապուհի հալածանքների ժամանակ: Ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում՝ վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք՝ իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակության պսակն ընդունում: