Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Կղեմես Հայրապետի և Բագրատ Տոռոմենա եպիսկոպոսի

2020 -11-26

Ս. Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա:

Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, նրա քարոզչության շնորհիվ մկրտվում է, ձեռնադրություն ստանում և 92 թ. դառնում է Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները՝ հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով:

Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին. տարվել է հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ՝ քաջաբար խոստովանելով Քրիստոսի աստվածությունը: Նա նահատակության պսակն է ընդունել  98 թ.  Ս. Կղեմեսի վզից քարեր են կախում և ծովը նետում:

Ս. Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտելով Ս. Պետրոս առաքյալին և նրանից ձեռնադրություն ստանալով՝ ուղևորվում է Սիլիկիա, դառնում Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ կարողանում է վերացնել այնտեղի կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագրատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է անում նրան: Քաղաքապետը պատժում է չարագործին, իսկ սուրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփում է տապանի մեջ՝ «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց Ա կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: