Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2019 -10-31

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347թ. Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա իրեն դեռ վաղ տարիներից նվիրել է ճգնողական կյանքին: 381թ. Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386թ. Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին:

398թ., հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի և թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403թ. եկեղեցական ժողովի կողմից 29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է հանվում, սակայն աքսոր մեկնումի գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քարոզել արքունական զեխությունների դեմ: Հակառակ ժողովրդի համակրանքի և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407թ. Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փա՛ռք քեզ, Աստվա՛ծ, փա՛ռք քեզ, ամեն ինչի համար փա՛ռք քեզ»: 438թ. սուրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերվում և ամփոփվում է Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում:

Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել արդեն իսկ իր կենդանության օրոք:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի տոնում է երկու անգամ, նախ՝ Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապա՝ առանձին` Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: